Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ բախվել են Porsche Cayenne-ը և «ԶԻԼ»-ը․ կան զոհեր և վիրավորներ

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ բախվել են Porsche Cayenne-ը և «ԶԻԼ»-ը․ կան զոհեր և վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 20․30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 40 կմ հատվածում՝ Կոշ գյուղի վարչական տարածքում, բախվել են Porsche Cayenne ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, և ըստ նախնական տեղեկությունների՝ կան նաև վիրավորներ։   Բախման հետևանքով «ԶԻԼ»-ը կողաշրջվել է։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ փրկարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի և դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։

ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը վթարի մասին տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում որոշմամբ, նախաձեռնվել է քրեական վարույթ, և հարուցվել է քրեական գործ։

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը։ Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, մահացածները վարորդներն են, վիրավորներն էլ՝ Կայենի վարորդի հարազատները։