Շենգավիթի տներից մեկում հայտնաբերվել են ամուսինների դիեր․ նրանք հանկարծամահ են եղել

Շենգավիթի տներից մեկում հայտնաբերվել են ամուսինների դիեր․ նրանք հանկարծամահ են եղել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիներից, ովքեր հայտնել են, որ արդեն մի քանի օր է, Չեխովի փողոցի 54 շենքի 6-րդ բնակարանի բնակիչները, ովքեր տարեց ամուսիններ են, չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ:

Ոստիկանները դիմել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղից ժամանել է թիվ 17 փրկարարական ջոկատը, ովքեր բացելով դուռը, ննջասենյակում հայտնաբերել են ամուսինների դիերը:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Պարեկները սահմանազատել են տարածքը և այս պահին տեղում աշխատում է դատական բժիշկը: Շենգավիթի ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածներն են՝ 85-ամյա Ժորիկ Ի.-ն և 76-ամյա Սեդա Գ.-ն: Վերջիններիս դիերը եղել են կիսաքայքայված: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Այս պահին տեղում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն: Բնակարանը գազազրկված է եղել և ըստ նախնական տեղեկությունների՝ ամուսինները հանկարծամահ են եղել: