Շատ քիչ մարդիկ կան, որ գլուխս կարող եմ դնել նրանց ուսին, այդ եզակի մարդկանցից մեկը Ծառուկյանն է. Նաիրա Զոհրաբան

Շատ քիչ մարդիկ կան, որ գլուխս կարող եմ դնել նրանց ուսին, այդ եզակի մարդկանցից մեկը Ծառուկյանն է։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում դեռ քննարկում են, թե ինչ են նվիրելու Գագիկ Ծառուկյանին։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին նվեր ընտրելն ամենաբարդ և ամենադաժան գործն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Երեկ Ծառուկյանի ծննդյան օրն էր, և Զոհրաբյանը Ֆեյսբուքյան իր էջում Ծառուկյանի հետ ջերմ լուսանկար էր հրապարակել։

նաիրա զոհրաբյան

«Ի՞նչ պետք է նվիրես մեկին, ով ունի ամեն ինչ։ Ամենակարևոր նվերը Ծառուկյանի համար մեր նվիրվածությունն է, մեր թիմի կայուն լինելը։ Մենք խմբակցությունով հիմա մտածում ենք` ինչ նվիրել նրան, քիչ առաջ քննարկում էինք։ Երևի սիմվոլիկ մի բան կնվիրենք»,–ասաց Զոհրաբյանը։

Նրա խոսքով` Ծառուկյանն ավանդաբար իր ծննդյան օրը Հայաստանում չի նշում. այս տարի էլ բացառություն չէ։ Իսկ թե որտեղ է նա և երբ կվերադառնա, Զոհրաբյանը չգիտի։

ԲՀԿ առաջնորդը, սակայն, Զոհրաբյանի համար միայն ղեկավար չէ. պատգամավորի խոսքով` տարիների ընթացքում Ծառուկյանն իր համար ընդամենը ղեկավարից շատ ավելիին է վերածվել։

«Շատ քիչ մարդիկ կան, որ գլուխս կարող եմ դնել նրանց ուսին ու պատմել իմ անձնական մտահոգությունների մասին. այդ եզակի մարդկանցից մեկը Ծառուկյանն է։ Նա ինձ համար իսկապես ուժեղ թիկունք է։ Երբ ինչ–որ բարդ ու անլուծելի իրավիճակ է լինում, ես դիմում եմ Ծառուկյանին, իսկ երբ «կա Ծառուկյան», չկան անլուծելի իրավիճակներ»,–ասում է Զոհրաբյանն ու հավելում` այս կյանքում յուրաքանչյուր մարդու այդպիսի ամուր, բարի թիկունք է պետք։

ԲՀԿ–ական պատգամավորը խոստովանում է` ժամանակին եղել են դեպքեր, որ վիրավորվել է Ծառուկյանից, սակայն տարիների ընթացքում հասկացել է` նրա ասածը սրտացավ մարդու խոսք է։ Շատ դեպքերում, ըստ Զոհրաբյանի, մարդիկ կարող են մտածել` Ծառուկյանը խիստ է, սակայն պատգամավորը հասկացել է` իր ղեկավարի սիրտը ջերմ է ու մեծ։

Նշենք, որ Ծառուկյանն այսօր դառնում է 63 տարեկան։ Գագիկ և Ջավահիր Ծառուկյաններն ունեն վեց զավակ՝ Ռոզա, Գայանե, Էմմա, Անահիտ, Նվեր և Հովհաննես Ծառուկյանները։

Աղբյուր՝ armeniasputnik.am