Նոր մանրամասներ՝ Լաչինի միջանցքի բանակցություններից․ «Հրապարակ»

Նոր մանրամասներ՝ Լաչինի միջանցքի բանակցություններից

Hraparak.am-ը գրում է․ Ռուս խաղաղապահների շրջանում մեր աղբյուրը նոր տեղեկություններ է հաղորդել ճանապարհի բացման հետ կապված բանակցություններից։

Հիշեցնենք, որ բանակցություններին մասնակցում են ռուս խաղաղապահների հրամանատարությունը, ադրբեջանական ու արցախյան իշխանությունների ներկայացուցիչները։

Մենք գրել էինք, որ բանակցությունների առաջին փուլը ձախողվել է, քանի որ հայկական եւ ադրբեջանական կողմերը համաձայնության չեն եկել․ հայկական կողմն առաջարկել է ադրբեջանցիներին՝ բացել ճանապարհը, խոստանալով, որ դրանից հետո իրենց բնապահպանների մի փոքր խմբին թույլ կտա, որ մտնեն հանքեր եւ մոնիթորինգ անեն։

Իսկ ադրբեջանական կողմը պահանջել է սկզբում թույլ տան խումբը գնա հանքեր՝ մոնիթորինգը սկսի, որից հետո իրենք կբացեն ճանապարհը։ Եւ քանի որ ոչ մի կողմը չի ցանկացել զիջի այդ հարցում, բանակցությունները ձախողվել են։

Հայկական կողմը հույսեր ուներ, որ միջազգային հանրության ճնշման ազդեցության տակ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ տարբեր եվրոպական կառույցների ու պաշտոնյաների հայտարարություններից Ադրբեջանը կզգաստանա, կազդվի եւ կբացի ճանապարհը, սակայն փաստ է, որ մեր թշնամին ոչ ամոթ ունի, ոչ հումանիզմի զգացում եւ ճանապարհն առ այսօր փակ է։

Չեն կիրառվում նաեւ ուժային մեթոդներ, որովհետեւ Ռուսաստանը չի ուզում կուլ տալ այդ խայծը եւ պատերազմական երկրորդ ճակատ բացել իր դեմ՝ Լաչինի ճանապարհի համար կռվելով, դուրս գալով թուրք-ադրբեջանական բանակի դեմ։ 

Արցախում հասկացել են, որ դրսից օգնություն չի լինելու եւ ճանապարհը բացելու հարցում իրենք մնացել են մենակ՝ անգամ Հայաստանից օգնություն ակնկալել չեն կարող։ 

Մեր տեղեկություններով, այս ընթացքում բոլոր շփումների ժամանակ ադրբեջանական կողմը խնդրել-աղաչել է Արցախի իշխանություններին, որ թույլ տան իրենց մասնագետների մի փոքր խումբ մեկանգամյա մոնիթորինգ իրականացնի Արցախի հանքերում։

Ալիեւյան կլանը եւս խնդիր ունի իր հանրությանը ցույց տալու, որ պետական շահն է առաջ տանում։ Եւ Արցախի իշխանական շրջանակներում այժմ քննարկվում է այդ առաջարկը։

Արցախում հասկացել են, որ կարող են, իհարկե, մի քանի ամիս դիմանալ՝ սննդի, վառելիքի եւ այլ ապրանքների պաշարը կբավարարի, սակայն ճանապարհի փակ լինելը, նախ, հոգեբանական խնդիրներ է առաջացնում Արցախում եւ հատկապես Հայաստանում մնացած երեխաների՝ իրենց ընտանիքներ վերադարձնելու հարցն է կանգնած։

Եւ երկրորդ՝ երկարաժամկետ բլոկադան կարող է հետագայի համար բացասական դեր խաղալ՝ մարդիկ ընտանիքները կարող են դուրս բերել Արցախից, ուստի ճանապարհի բացվելն օրախնդիր է։

Իհարկե, ադրբեջանական աբսուրդ պահանջին զիջելը կարող է բացասական լինել այն առումով, որ նենգ թշնամին Արցախի վրա ճնշելու բանաձեւը կհայտնաբերի եւ հետագայում կսկսի կիրառել, բայց դա արդեն մեծ քաղաքականության եւ դիվանագիտության շրջանակներում լուծելիք խնդիր է։ 

Պարզ ասած՝ Արցախում այժմ հակված են գնալ կոմպրոմիսի, այսինքն՝ թույլ տալ, որ մի փոքր խմբով բնապահպանները մեկանգամյա այց իրականացնեն Արցախի հանքեր։