Նորակոչիկներ տեղափոխող Volkswagen-ն ու Opel-ը բախվել են իրար․ կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Հուլիսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 91 կմ հատվածում Զանգակատուն գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen մակնիշի 200 TT 12 համարանիշի և Opel մակնիշի 35 GL 750 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են՝ 2-ը՝ Արարատի, 2-ը՝ Եղեգնաձորի բժշկական կենտրոններ։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Կարեն Մարգարյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Վեդիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը հետաքննիչի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Volkswagen-ը մեկնում էր Արցախի Հանրապետություն, իսկ ուղևորները եղել են նորակոչիկներ, ովքեր մեկնում էին զինվորական ծառայության։ Եվ ըստ տեղեկությունների՝ վիրավորներից 2-ը նորակոչիկներ են։