«Նման երևույթները պետք է ի սկզբանե կանխել, եթե չես կանխում, հետո էդ երևույթները դառնում են անկառավարելի»․ «Հրապարակ»

«Նման երևույթները պետք է ի սկզբանե կանխել, եթե չես կանխում, հետո էդ երևույթները դառնում են անկառավարելի»

Hraparak.am-ը գրում է․ Կարմիր բերետավոր ոստիկաններն այսօր առավոտյան Եռաբլուրում քարշ տալով, բռնի ուժ կիրառելով, բերման ենթարկեցին զոհված ու անհետ կորած զինծառայողների ծնողներին, այդ թվում՝ մայրերին, որպեսզի ապահովեն Նիկոլ Փաշինյանի անարգել այցը զոհերի շիրիմների մոտ։

Թե ինչպիսի բառապաշարով, ինչ անեծքներով էին մարդիկ արտահայտվում թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ նրան ենթակա ոստիկանության այդ զանգվածի հասցեին՝ հրապարակման ենթակա չէ։

Ոստիկանության այսօրվա գործողությունների ֆոնին մենք հիշեցինք, թե ինչ սուր քննադատության էին ենթարկում նախորդ իշխանություններին՝ ցուցարարների նկատմամբ բռնի ուժ կիրառելու համար, դատապարտում էին ոստիկաններին և անձամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։

Բայց այն ժամանակ ոստիկանությունն այսքան վայրագ ու մարդատյաց չէր։ Ավելին, պատմում են, թե ինչպես են տարբեր ժամանակներում ցույցերի ժամանակ ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառած ոստիկաններին պատժել՝ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելով։

Մենք կապ հաստատեցինք նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, որը հաստատեց մեզ պատմածը, բացատրելով․ 

«Տեսեք՝ կա արդարացված հարկադրանքի կիրառում, կան՝ дураки с инициативой, այսինքն՝ նախաձեռնություն ցուցաբերող հիմարներ, որոնք հաճույք են ստանում քաշքշելուց՝ չարդարացված քաշքշուկից։

Իհարկե, նման երևույթները պետք է ի սկզբանե կանխել, որովհետև, եթե չես կանխում, հետո էդ երևույթները դառնում են անկառավարելի։

Էնպես որ, բոլոր էն դեպքերը, երբ որ չարդարացված հարկադրանք են կիրառում, պետք է զսպել, զսպել տույժերով, մինչև անգամ՝ հեռացումներով, որպեսզի դա բնավորության գիծ չդառնա, որովհետև էդ ոստիկանները, որոնք ուղղակի շփման մեջ են քաղաքացիների հետ, նրանք են ստեղծում քաղաքացի-ոստիկանություն փոխհարաբերությունները։

Նրանք են կայունացնողը կամ քննադատողը, հասկանո՞ւմ ես»։

-Դուք, հավանաբար, այսօրվա կադրերը տեսել եք, թե ինչպես էին կարմիր բերետավոր ոստիկանները քաշքշում զոհված զինծառայողների ծնողներին։ Ի՞նչ կարծիքի եք այդ ամենի վերաբերյալ։

-Ես չեմ կարող գնահատական տալ էսօրվա այդ երևույթներին։ 

-Բայց ցանկալի է Ձեր գնահատականը լսել։ Հիշում եք՝ ինչքան էին Ձեզ քննադատում այն ժամանակ, ինձնից սկսած՝ բոլորը, հիմա ուր ենք հասել։

-Դու պատասխանեցիր քո հարցին, Վահե ջան, որ քեզնից սկսած՝ քննադատում էին։ Հիմա ինքդ էլ գնահատական տուր, հոգի ջան։ 

Մանրամասն՝ վաղը, «Հրապարակի» հերթական համարում