Ներքին որոշում. Մեր քաղաքացիները հրաժե՞շտ կտան ռուսական հեռուստաալիքներին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Դեռևս օրեր առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը բարձրացրել էր մի շարք ռուսական հեռուստաալիքների հեռարձակման սահմանափակման հարցը` ասելով, որ դրանց որոշ ծրագրերում քաղաքական կոչեր են հնչում։ Մեր քաղաքացիները հրաժե՞շտ կտան ռուսական հեռուստաալիքներին: Ի պատասխան, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշել էր, որ դա քաղաքական հարց է։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այդ հարցն այնքան էլ «միամիտ» չէր հնչել: Բանն այն է, որ մեր աղբյուրների պնդմամբ, առաջիկայում բավականին լուրջ փոփոխություններ ու վերադասավորումներ են սպասվում հեռուստատեսային հեռարձակումների ոլորտում:

Ըստ այդմ՝ կառավարությունն արդեն իսկ ամենաբարձր մակարդակով ունի ներքին որոշում, որ հանրային թվային մուլտիպլեքսում լուրջ փոփոխություններ կատարվեն՝ հնարավոր բոլոր օրենսդրական կարգավորումներով հանելով ռուսական պետական հանրային հեռուստաալիքները, որոնք հեռարձակվում են ՀՀ տարածքում: Դրան կհետևի այն, որ մեր քաղաքացիները հրաժեշտ կտան մասնավորաբար ОРТ, Росиия 24, НТВ, Култура հեռուստաալիքներին:

Ավելի ստույգ, դրանց կարող են հետևել միայն կաբելային փաթեթների բաժանորդները: Թերթի տեղեկություններով, վարչապետի հետ հանդիպումներից մեկի ժամանակ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ակնարկել է, որ ԵՄ-ի համար այդքան էլ ընդունելի չէ, որ հայ հանրությունը Արևմուտքի մասին տեսակետ է կազմում ռուսական հեռուստաալիքների ազդեցությամբ: Նա նշել է, թե «հենց դա է պատճառը, որ մենք ՀՀ-ում այդքան էլ հեշտությամբ չենք կարողանում հանրային կարծիք ձևավորել և ազդել դրա վրա»:

Ըստ ամենայնի, ամենաուշը մեկ տարի հետո ներկայիս կառավարությունն իր ենթակայության տակ կվերցնի արտաքին ագիտպրոպը: Սակայն մինչ այդ դեռ հարկավոր է գտնել այնպիսի լուծումներ, որոնք մի կողմից՝ կարգավորեն դաշտը, մյուս կողմից՝ քաղաքական որևէ հետևանք չունենան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Կիսվիր ընկերներիդ հետ