«Նախորդ բոլոր նախագահներն էլ լռել են՝ Լևոնից սկսած, Սերժիկով վերջացրած․ ժամանակն է համարժեք պատասխան տալու Թուրքիային»

«Նախորդ բոլոր նախագահներն էլ լռել են՝ Լևոնից սկսած, Սերժիկով վերջացրած․ ժամանակն է համարժեք պատասխան տալու Թուրքիային»

1in.am-ը գրում է․ «Ժամանակն է համապատասխան ձևով արձագանքելու, և Հայաստանը հենց դա է անում: Եթե Հայաստանը նման բան չաներ՝ հաջորդ առիթի դեպքում Թուրքիան նորից կսպառնար։ ժամանակն է, որ համարժեք պատասխան տանք: Ի՞նչ տվեց անընդհատ զիջելը»:

Այն, որ հայերի և թուրքերի միջև պատմաքաղաքական և շատ խորը արմատներ ունեցող հայտնի խնդիրներ ու կնճռոտ հարցեր կան, երևի թե մեծ գաղտնիք չէ մեր տարածաշրջանում ապրող և մեր տարածաշրջանով հետաքրքրվող որևէ մեկի, առավել ևս՝ հայերիս համար՝ անկախ նրանից՝ հարցի մասնագետ ենք, թե ոչ։

Այն, որ այդ չհարթվող խնդիրների պատճառով ժամանակակից Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները ավելի քան 100 տարի մնում են լարված, ավելի ճիշտ՝ նորմալ միջպետական հարաբերություններ, որպես այդպիսիք, չկան էլ, կրկին հանրահայտ փաստ է՝ ինչպես և այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու նշված խնդիրների հաղթահարումը մնում է թե՛ Հայաստանի արտաքին քաղաքականության և թե՛ առհասարակ մեր տարածաշրջանի անվտանգության և կայունության հիմնական առաջնահերթություններից մեկը։

Իսկ վերջին շրջանի տարածաշրջանային զարգացումներն ու Թուրքիայի նախագահ Էրդողանի ագրեսիվ քաղաքականությունը, կարծես թե, միայն ու միայն հեռացնում են մեզ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու և վերջապես տարածաշրջանային խաղաղության ու համերաշխության հասնելու հեռանկարից։

Հայ-թուրքական առճակատման դաշտը ընդլայնվում է

Ասելով հայ-թուրքական հիմնախնդիրներ՝ բնականաբար, առաջին հերթին նկատի ունենք Օսմանյան տիրապետության տարիներին հայ ժողովրդի նկատմամբ իրականացված մեծագույն հանցագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը, որը Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետության կառավարությունը մինչ օրս չի ճանաչել, իսկ այսօրվա ղեկավարությունը՝ Էրդողանի վարչակազմը, ոչ միայն շարունակում է ժխտողականության քաղաքականությունը, այլև դատելով վերջին տարիների ապրիլքսանչորսյան հայտարարություններից՝ նույնիսկ սկսել է արդարացնել այդ մեծ ոճիրը՝ մի ողջ ազգի կազմակերպված սպանդը։

Թուրքիայի ղեկավարության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում այսպիսի գնահատականով է բնորոշել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 2019 թ․ ապրիլի 24-ին մեկնաբանելով նույն օրը Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից արված հայտարարությունը։

Եվ եթե մինչև վերջերս Երևանի և Անկարայի միջև քաղաքական լարվածություն, դիվանագիտական «փոխհրաձգություններ» էին լինում հիմնականում Հայոց ցեղասպանության և Հայկական հարցի շուրջ, ապա վերջին շրջանում, երբ Երևանում նստող նոր վարչակազմը սկսել է քայլեր ձեռնարկել ակտիվացնելու երկրի արտաքին քաղաքականությունը մի շարք ուղղություններով, այդ դաշտն ընդլայնվել է՝ ընդգրկելով Մերձավոր ու Միջին Արևելքի, Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի մի շարք բարդ հիմնախնդիրներ, օրինակ՝ սիրիական ճգնաժամը, Լիբանանի իրադարձությունները, թուրք-հունական կոնֆլիկտը և այլն։

Հայաստան-Հունաստան Կիպրոս առանցքը՝ ընդդեմ Թուրքիայի

2019 թ․ հունիսի 4-ին Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը հայտարարեցին երեք երկրների միջև եռակողմ գործընկերություն հաստատելու որոշման մասին, և այս եռակողմ համագործակցության ձևավորումից հետո Հայաստանը ակտիվ քաղաքական, դիվանագիտական աջակցություն է ցույց տալիս բարեկամ Հունաստանին և Կիպրոսին՝ հատկապես Թուրքիայի հետ կապված հարցերում։

Այդպես եղավ նախորդ տարի, երբ Թուրքիան ոտնձգություններ էր անում Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու նկատմամբ, այդպես եղավ ս․ թ․ օգոստոսին, երբ թուրքական նավերը սեյսմիկ հետազոտություններ սկսեցին Հունաստանի հետ վիճելի ջրային տարածքներում, ինչի հետևանքով կտրուկ սրվեցին երկու դարավոր հակառակորդների՝ Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները։

Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Երևանը ուշադիր հետևում է Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողությունների հետևանքով Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և վերահաստատելով Հայաստանի անվերապահ աջակցությունն ու համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին՝ կոչ է անում Թուրքիային քայլեր ձեռնարկելու լարվածության նվազեցման ուղղությամբ, հարգելու միջազգային իրավունքը և դադարեցնելու Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտիներում բոլոր գործողությունները:

Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը ավելի քան կտրուկ էր՝ «Հայաստանը չափն անցնում է՝ իր աշխարհագրությունից դուրս գտնվող հարցերի վերաբերյալ կարծիք հայտնելու հավակնություն ցուցաբերելով»։

Հայաստանը կմիանա՞ հակաթուրքական դաշինքին

Չմոռանանք, իհարկե, որ այս միջադեպին նախորդել էին հուլիսյան բախումները հայ-ադրբեջանական սահմանին, Անկարայի անվերապահ աջակցությունը «եղբայրական» Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը և ագրեսիվ կեցվածքը Հայաստանի նկատմամբ, ինչը, բնականաբար, անարձագանք չմնաց Երևանում և ստացավ համարժեք պատասխան։ Բանն արդեն հասել է նրան, որ Թուրքիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետության (!) պաշտպանության նախարարը ի լուր աշխարհի հայտարարում է, որ Թուրքիան հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կողմ է՝ Ադրբեջանի կողմից։

Ընդհանրապես, Էրդողանի այս ագրեսիվ վարքագիծն ու նեոօսմանիստական նկրտումները, կարծես թե, ոչ միայն մեզ, այլև շատերին են հոգնեցրել թե՛ Մերձավոր ու Միջին Արևելքում, թե՛ Արևելյան Միջերկրականում և թե՛ նույնիսկ Հյուսիսային Աֆրիկայում, և դրա բնական արտահայտություններից մեկն այն է, որ Էրդողանի վարչակազմի հետ խիստ լարված հարաբերություններ ունեցող Եգիպտոսը հայտարարում է Լիբիայում և Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողություններին դիմակայելու նպատակով Հունաստանի, Կիպրոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Ֆրանսիայի հետ համատեղ հակաթուրքական դաշինք ստեղծելու մասին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում