Նախարար Հրաչյա Ռոստոմյանը մասնակցել է կանանց միջազգային տոնին նվիրված հեծանվային զբոսանքին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կանանց միջազգային տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ «Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հետ համատեղ Երևանում կազմակերպել է տոնական գարնանային հեծանվային զբոսանք, որին մասնակցել է նաև նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Միջոցառման մասնակիցները մարտի 8-ին հեծանիվներով անցել են Երևանի փողոցներով՝ ծաղիկներ նվիրելով Երևանի բնակչուհիներին և մայրաքաղաքի հյուր կանանց՝ շնորհավորելով նրանց գարնանային տոնի կապակցությամբ:

«Այս միջոցառումը, բացի առողջ ապրելակերպի և անձնական օրինակով սպորտի մասսայականացման քարոզչությունից, գեղեցիկ առիթ է շնորհավորելու մեր կանանց և աղջիկներին Մարտի 8-ի կապակցությամբ:

Շնորհակալություն բոլոր այն անձանց, ովքեր միացան մեր նախաձեռնությանը»,- ասել է նախարարը:   Նշենք, որ հեծանվային զբոսանքին մասնակցել են նաև նախարարի խորհրդական Վլադիմիր Հովհաննիսյանը, «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը և հանրաճանաչ այլ անձինք: