Նախագահ Սարգսյանին հրավիրել են մասնակցելու Ճապոնիայի կայսեր գահակալության արարողությանը

Նախագահ Սարգսյանին հրավիրել են մասնակցելու Ճապոնիայի կայսեր գահակալության արարողությանը: Ճապոնիայի կառավարության հրավերով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, այսօր կմեկնի Տոկիո՝ մասնակցելու Ճապոնիայի կայսեր՝ Նարուհիթոյի գահակալության հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Ճապոնիայի 85-ամյա կայսր Աքիհիթոն այս տարվա ապրիլին պաշտոնապես հրաժարվել էր գահից: Նրան փոխարինել է 59-ամյա որդին՝ թագաժառանգ Նարուհիթոն:

Նոր կայսեր գահակալության հիմնական ծիսակարգերին, նաև Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի անունից կազմակերպվող ընդունելությանը ներկա կլինեն աշխարհի բազմաթիվ երկրների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Այս այցի ընթացքում նախագահ Սարգսյանին հրավիրել են նաև երկկողմ հանդիպման, որը տեղի կունենա տարբեր երկրների նախագահների ու վարչապետների հետ, նաև կայցելի Տոկիոյի ֆոնդային բորսա, Ճապոնիայի միջուկային կարգավորման գործակալություն, ինչպես նաև աշխարհի առաջատար արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկը՝ Mitsubishi Heavy Industries:

Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև ճապոնական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ՝ ծանոթանալու համագործակցության հնարավորություններին ու հեռանկարներին: Նա նաև դասախոսությամբ հանդես կգա Տոկիոյի համալսարանում: