Մեքենայի փոփոխությունը կապված է խնայողություններ անելու հետ. ԱԺ նախագահի խոսնակ

Մեքենայի փոփոխությունը կապված է խնայողություններ անելու հետ. ԱԺ նախագահի խոսնակ

Armtimes.com-ը գրում է․ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համար նոր՝ BMW 750Li xDrive LCI դասի մեքենա ձեռք կբերվի։ Որոշումն ընդունվել է այսօր ՀՀ կառավարության նիստում: Հարցը ներառված է եղել չզեկուցվող հարցերի թվում: Ըստ նախագծի՝ մեքենայի արժողությունը 90 մլն դրամ է:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ԱԺ աշխատակազմի կողմից իրականացվում է Ազգային ժողովի նախագահին սպասարկող (BMW 750Li 2011 թ. արտադրության) ծառայողական մեքենայի պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնելու գործընթացը, քանի որ նշված մեքենայի ընթացիկ տեխնիկական սպասարկումը դարձել է ծախսատար, և դրա շահագործման ու պահպանման համար ֆինանսական միջոցների հատկացումներն այլևս արդյունավետ ու նպատակահարմար չեն։

«Հայկական Ժամանակի» հետ զրույցում ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը պարզաբանեց, որ մեքենայի փոփոխությունը կապված է խնայողություններ անելու հետ:

«Նոր մեքենայի անհրաժեշտությունը բացատրվում է ներկայացուցչություն ապահովելու, ինչպես նաև խնայողություն անելու նպատակով, քանի որ ներառում է երաշխիքային և պահպանման ծախսերը: Զրահապատ մեքենայի շահագործման ժամկետը լրացել է, ինչի հետևանքով սպասարկումը բավական մեծ ծախսեր է պահանջում (օրինակ՝ մեքենայի անվադողերի փոխարինումն արժե 17 միլիոն դրամ)»,- ասաց Ծովինար Խաչատրյանը:

Մեքենան գնվելու է «Եվրոմոթորս» ՓԲԸ-ից, որը BMW-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում:

Նշենք, որ Ալեն Սիմոնյանի ներկայիս օգտագործվող մեքենան զրահապատ չէ: Այս մեքենան, որը սպասարկում է ԱԺ նախագահին, նաև չի պատկանում ներկայացուցչական դասին: