«Մեր աշխատավարձով հնարավոր է միայն գալ թատրոն փորձի ու գնալ տուն»․ դերասանները բողոքում են, որ գրոշներ են ստանում (Տեսանյութ)

Առավոտից երեկո ձգվող փորձեր ու ներկայացումներ. այս ամենի դիմաց դերասանները վաստակում են ընդամենը 55 հազար դրամ աշխատավարձ: Վերջին 25-30 տարիներին հայաստանյան թատրոններում դերասանների աշխատավարձի վերանայում գրեթե չի եղել:

Թատրոն ընդունվող դերասանը ստանում է 55 հազար դրամ աշխատավարձ, իսկ տարիների փորձ, ձեռքբերումներ ու բարձր ցուցանիշներներ ապահովելու դեպքում՝ նրանց շռայլվում է ընդամենը 80 հազար դրամ: Եվ միայն բեմի վարպետներն են, որոնց աշխատավարձի չափը հատում է 100 հազարի շեմը: Այն, որ դերասանները չնչին չափով են վարձատրվում, թատրոնում միակ խնդիրը չէ:

Մի շարք տարողունակ հարցեր կան, որոնց լուծման համար թատրոնի մասին օրենք է հարկավոր: Տարիներ շարունակ օրենքի անհրաժեշտության մասին խոսվում է, սակայն 2004 թվականից այն անարդյունք չարչրկվում է Ազգային ժողովում: Ինչպիսին կլինի թատրոնի ճակատագիրը նոր Հայաստանում, կվերանայվի՞ արդյոք դերասանների աշխատավարձը, և վերջապես թատրոնի մասին օրենքը կադառնա՞ իրականություն, թե՝ ոչ:

Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ սանդղակը երբեք այսքան ցածր չի եղել։ «Մի քանի տասնամյակ այս հարցը տեղից չի շարժվում, չգիտեմ, երբ պետք է կառավարությունը վերանայի։ Բարձրացվեց բժիշկների, ուսուցիչների և այլ մասնագետների աշխատավարձը, իսկ ինչո՞ւ է թատրոնը միշտ մնում ուշադրությունից դուրս»,- նշում է նա։

Այն, որ հանրապետության վաստակավոր կամ ժողովրդական արտիստի կոչմանն արժանանալու վարձատրության չափը մի փոքր բարձրանում է, թատրոնի գեղարվեստական ղեկավարը ծիծաղելի է համարում: «Խոսքն ընդամենը 120-130 հազար դրամի մասին է։ Թող ինձ ներեն, բայց դա նսեմացուցիչ է»,- ասում է Դավիթ Հարությունյանը:

ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանի համար նորություն չէ, որ երկրի մեծահարուստները թատրոնով հետաքրքրված չեն, առհասարակ չի հիշում, որ որևէ մեծահարուստ կամ պատգամավոր այցելած լինի թատրոն: Դերասանը հիշում է, որ նախկին իշխանությունների օրոք երբ ցանկացած հարցով դիմել են Մշակույթի նախարարություն, ի պատասխան մշտապես լսել են՝ բյուջեում գումար չկա:

«Այնպիսի տպավորություն է, որ մեր պետությանն առհասարակ թատրոններ պետք չեն։ Բայց արվեստը հզոր ուժ է, և անտեսել այդ ուժը, մեղմ ասած, սխալ է»,- ասում է Արմեն Սանթրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Աղբյուր՝ factor.am

Մեկնաբանել
Loading...