Մերժվել է Մասիսի քաղաքապետին գրավով ազատ արձակելու դեմ դատախազի բողոքը

Երեկ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց դատախազի՝ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ որոշման դեմ վերաքննիչ բողոքը։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Համբարձումյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը։

«Սեպտեմբերի 17-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահող Մարտիրոս Մնացականյանի գլխավորությամբ, քննության էր առել իմ ու գործընկերներիս՝ Տիգրան Աթանեսյանի և Զորայր Հարությունյանի միջնորդությունը՝ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ ընտրված կալանավորումը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ,որը և դատարանը բավարարեց կիրառելով գրավ 5 մլն դրամի չափով»,- ասաց Ալեքսանյանը։

Պաշտպանը հայտնեց, որ այնուհետև դատավարական հսկողություն իրականացնող դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել առաջին ատյանի վերը նշած դատական ակտի դեմ միջնորդելով այն վերացնել և Դավիթ Համբարձումյանին կալանավորել։

«Սակայն Վերաքննիչ դատարանը, երեկ քննության առնելով դատախազի բողոքը, որոշեց մերժել այն՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ»,- ասաց Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի փաստով մեղադրանք է առաջադրվել Դավիթ Համբարձումյանին, մեղադրանք է առաջադրվել նաև ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով, գործերը մեկ վարույթում են: Հովտաշենում տեղի ունեցածի փաստով Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով,իսկ Էրեբունիի դեպքերով նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 225-րդ հոդվածի հատկանիշներով:

Աղբյուր՝ Tert.am