Մեկ տարի առաջ Սերժից թռնողը վաղը Նիկոլից է թռնելու, մյուս օրը՝ հայրենիքից. Էդուարդ Շարմազանով

Մեկ տարի առաջ Սերժից թռնողը վաղը Նիկոլից է թռնելու, մյուս օրը՝ հայրենիքից ․ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդուարդ Շարմազանովը։

«Այսօր մատնության չորեքշաբթին է: Քսան երկար ու ձիգ դարեր են անցել Գողգոթայից մինչեւ մեր օրեր, բայց իրական սիրո ուսուցչի՝ Հիսուս Քրիստոսի ձայնն ինչպես այն օրերին, այսօր էլ շատերի ականջին ու սրտին չի հասնում: Շատ բան չի փոխվել, մարդը նույնն է:

Խաչելությունից ընդամենը մեկ շաբաթ առաջ «օվսաննա» էին գոռում՝ Տիրոջ առաջ փռելով իրենց հագուստները, 1 շաբաթ հետո՝ խաչը հանեցին: Մեկ շաբաթ պահանջվեց, որ նրան, ում փրկիչ էին կարգել, ապստամբ հռչակեն, մեկ շաբաթում պատվեցին ու անարգեցին, խոնարհվեցին նրա առաջ, հետո՝ թքեցին վրան:

Դավաճանություն, Հուդա, 30 արծաթ եւ խաչված ճշմարտություն: Սա ամբոխն է, որը նույնն է երեկ, այսօր եւ վաղը:

Գրված է՝ մի գնա ամբոխի կարծիքի հետեւից, այլ խոսիր միայն աչքովդ տեսած բաներից:

Ուշագրավ զուգադիպությամբ այսօր լրանում է Սերժ Սարգսյանի ՀՀ վարչապետ ընտրվելու մեկ տարին:
Մեկ տարի առաջ նրանք իրենց ձայնն էին տալիս հօգուտ Սերժի, պատերի տակ թաքուն «սիրո խոստովանություններ» հղում, այսօր այս նույն կատեգորիան նույնն անում է Նիկոլի հետ:

Ամբոխը շարունակում է նույն կռապաշտությունը, միաժամանակ սրընթաց արագությամբ հիասթափվում իր ստեղծած կուռքերից: Իսկ կուռքերը «նոր Հայաստան» են հռչակում: Մինչդեռ Հայաստանը մեկն է եւ հավիտենական՝ սկսած Հայկ Նահապետից մինչեւ Վարդան Մամիկոնյան, Դավիթ Բեկ, Նժդեհ:

Գրված է՝ անիծյալ է նա, ով հույսը մարդու վրա է դրել: Իսկ արծաթն ու փառքը անցողիկ են: Հուդան լավագույն օրինակն է՝ արծաթը գաղափարի դեմ անզոր է, ինչպես Բելը՝ Բաբելոնյան աշտարակաշինության «հերոսը», անզոր գտնվեց Հայկի դեմ:

Քավ լիցի, ես դատավոր չեմ, չեմ էլ զարմանում, երբ երեկվա իշխանավորն ու հարմարվողն ասում է՝ «թագավորը չկա, կեցցե նոր թագավորը», ոմանք էլ՝ «ով էշ՝ ես փալան» են խաղում, պարզապես պետք է արձանագրել պատմության համար: Մեկ տարի առաջ Սերժից թռնողը վաղը Նիկոլից է թռնելու, մյուս օրը՝ հայրենիքից:

Ասենք՝ Հուդայի պես «կպցրիր» մի քանի արծաթ, հետո՞:

Մի կատեգորիա էլ կա «ատելության ու թշնամանքի» գինարբուքի մեջ է: Ատեք, տրտնջացեք, մերժեք, հայրեիքն ու սեփական ժողովրդին բաժանեք գույների ու դասակարգային թշնամիների, «բռնոցի-պպզոցի» տեսարաններ բեմադրեք, բորբոքեք այնքան, մինչեւ հնչեց առաջին կրակոցը:

Սեփական գյուղում, մի ժամանակ աղուհաց, ուրախություն ու վիշտ կիսած գյուղացիները՝ տնով տեղով, հարսով, կնկանով դուրս եկան իրար սպանելու:

Բավարարվա՞ծ եք, թե՞ դեռ արյուն է պետք»:

Մեկ տարի առաջ Սերժից թռնողը վաղը Նիկոլից է թռնելու, մյուս օրը՝ հայրենիքիցԱյսօր մատնության չորեքշաբթին է: Քսան երկար ու…

Gepostet von Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov am Mittwoch, 17. April 2019