Մարդկանց մահը քաղաքական նպատակների համար շահարկելը աընդունելի է, ինչպես նաև սրբապղծություն. Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. ««Մարտի 1»-ի հեղափոխական դիսկուրսը

Ցանկացած իշխանություն լեգիտիմության համար հանրային դիսկուրսի պահանջ ունի։

Ադրբեջանի ղեկավարի լեգիտիմության հիմքն է «գրավված» տարածքների վերադարձն է։ Կուբայի հեղափոխական կառավարության հիմքը համաշխարհային, այսինքն ամերիկյան իմպերիալիզմի և կապիտալիզմի դեմ պայքարը։ Վրաստանում և Ուկրաինայում պայքարում են ռուսական իմպերիալիզմի դեմ և այլն։

Լեգիտիմության դիսկուրսից հրաժարումը կարող է տապալել իշխանությանը։

Նման դիսկուրսներ ունեն նաև տարբեր ինստիտուտները․ Հայ եկեղեցին 5-րդ դարից ի վեր նշում է Ավարայրի բարոյական հաղթանակը և սրբադասել է նահատակներին, շիաները մինչև հիմա նշում են 661-ին տեղի ունեցած Ալի Մարգարեյի մահը և նշում են այնպիսի էմոցիոնալ կերպով, կարծես դա երեկ է տեղի ունեցել։ Դա նույնպես իրենց լեգիտիմության դիսկուրսի հիմքն է։

Բնականաբար, լեգիտիմության դիսկուրսը պետք է ունենա որոշակի բառապաշար, կախված ժամանակից, տեղից և իրավիճակից՝ «նահատակ», «մարտիրոս», «քաղաքացի», «աշխատավոր ժողովուրդ», «սովետական սոցիալիստական մեծ հեղափոխություն», «թավշյա, ոչ բռնի հեղափոխություն», «հպարտ քաղաքացի», «հեղափոխության առաջներդ» և այլն։ Դրանք պետք է անընդհատ և ցանկացած առիթներով կրկնվեն, որպեսզի մեխվեն մարդկանց ուղեղներում։ Տիրապետել մարդկանց ուղեղները, նշանակում է ուղղորդել և իշխել նրանց վրա։

Կարգախոսները պետք է ունենան էներգետիկա և որևէ գործողության պոտենցիալ․ «հողը գյուղացուն, գործարանները բանվորներին», կամ «պայքար, պայքար մինչև վերջ», ինչպես նաև որևէ մի խորհրդանշական «ճակատամարտ», իրական, կամ բարոյական հաղթանակներով։

Եկեղեցու համար դա Ավարայրի ճակատամարտն է, ֆրանսիական հեղափոխության համար Բաստիլի գրավումը, կուբայական հեղափոխության համար Մոնկադա զորանոցի գրավումը։

Հայկական հեղափոխությունը նույնպես պետք է ունենա իր բառապաշարը և որպես խորհրդանիշ՝ որևէ իրադարձություն։ Ռադիոտան գրավումը չի կարող համեմատվել Ձմեռային պալատի, կամ Մոնկադայի գրավվման հետ։ Արցախյան հաղթանակի ստորադասումը ապրիլյան դեպքերին հանրության կողմից չընդունեցին։ Մնում էր մի այլ իրադարձություն դարձնել հեղափոխության խորհրդանիշը։

Նման իրադարձությունները կարևոր են նաև երթերի և զանգվածային միջոցառումների համար։ Պետք է լինեն նաև թանգարաններ, սակայն «թավշյա, ոչ բռնի հեղափոխության» թանգարանի ստեղծման փորձը հանրության կողմից նույնպես չընդունվեց։

«Մարտի 1-ի» դեպքերը, ըստ էության, միակ իրադարձությունն է, որը կարելի է նշել որպես հեղափոխական իրադարձություն, հնարավոր Ավարայրի ճակատամարտ։ Դա հեղափոխական սիմվոլիկայի միակ հնարավոր նշանակալի իրադարձությունն է կարող դառնալ, և կարևոր չի, որ քսան տարի առաջ է եղել։

Գործող իշխանության համար լեգիտիմության հիմք է անհրաժեշտ՝ հեղափոխական զոհեր, քայլերթների համար դրդապատճառներ։ Պետք են նաև հուշակոթողներ։

Ինչ վերաբերում է զոհերին, ապա նրանց ողբերգական մահը պետք է միավորի մարդկանց, լինի ապագայի համար դաս, սակայն ոչ լեգիտիմության դիսկուրսի համար շահարկման միջոց։ Առհասարակ, մարդկանց մահը քաղաքական նպատակների համար շահարկելը աընդունելի է, ինչպես նաև սրբապղծություն է, երբ երթի կազմակերպմանը մասնակցում են մարդիկ, որոնք եղել են բարիկադների հակառակ կողմում, կրել են զենք ու այդ նպատակի համար ստացել հանդերձանք»։