«Մանվել Գրիգորյանը խնդրել է փոխանցել, որ ինքը «տուշոնկաների» հետ կապ չունի, ես նրան հավատում եմ»․ Շարմազանով

Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն ու ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հանդիպել են։ Սեպտեմբերի 7-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց հենց Շարմազանովը։

«Ես գեներալ Մանվել Գրիգորյանի հետ հանդիպել եմ, նա պաշտոնապես ինձ խնդրել է փոխանցել, որ ինքը «տուշոնկաների» հետ կապ չունի, ես նրան հավատում եմ»,- նշեց նա։ Հարցին` եթե Մանվել Գրիգորյանը կապ չունի «տուշոնկաների» հետ, ինչպես են դրանք հայտնվել նա տանը, Շարմազանովը պատասխանեց. «Դա ես չեմ պարզելու»։

ՀՀԿ խոսնակը նշեց նաև, որ գեներալին այցելել է նրա առողջական վիճակը պարզելու համար։ «Ես իմ նախաձեռնությամբ եմ այցելել Մանվել Գրիգորյանին` նրա առողջական վիճակը հարցնելու, քանի որ նա ազգային հերոս է, մեր գեներալն է, ազգային-ազատագրական պայքարում շատ լուրջ դերակատարում է ունեցել, իսկ ինձ այնպես են դաստիարակել, որ ընկածին չեն խփում»,- ասաց նա։

ՀՀԿ-ական պատգամավորը հիշեցրեց անմեղության կանխավարկածի մասին։ «Վարչապետը ո՞ր իրավունքով է մինչև ԱԱԾ տեսանյութի հրապարակումը գնահատական հնչեցնում: Եթե դա Սերժ Սարգսյանն աներ, կուտեիք մեզ»,-ասաց նա։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...