Մահվան ելքով վրաերթ Երևանում. Honda-ն Դանիել Վարուժանի դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել կին հետիոտնի

Մահվան ելքով վրաերթ Երևանում. Honda-ն Դանիել Վարուժանի դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել կին հետիոտնի

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում, Honda մակնիշի ավտոմեքենան` Սեբաստիա փողոցում, Դանիել Վարուժանի անվան դպրոցի դիմաց՝ վերգետնյա անցման տակ, վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի և 3-րդ վաշտի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին պարեկային ծառակության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում ոստիկանները չեն հայտնաբերել վարորդին: Ոստիկանությունը ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:

Մինչ դեպքի վայրում զննություն էր կատարում քննիչը, պարեկները պարզեցին, որ վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին: