Ճանապարհների ինքնավարությունը մնում է այն երկրների իրավասությանը, որոնց տարածքով դրանք անցնում են․ Օվերչուկը՝ Փաշինյանին

Ճանապարհների ինքնավարությունը մնում է այն երկրների իրավասությանը, որոնց տարածքով դրանք անցնում են․ Օվերչուկը՝ Փաշինյանին

Վարչապետը ողջունել է պարոն Օվերչուկի այցը Հայաստան և նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու ընթացիկ օրակարգը:

Ալեքսեյ Օվերչուկը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման և Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերի աշխատանքային խմբի գործունեությանը բարձր գնահատական տալու համար:

«Մենք իսկապես աշխատում ենք այն մանդատով, որը Դուք մեր երկրների ղեկավարների հետ տրամադրել եք 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների շրջանակում: Ցանկանում եմ նշել, որ գործընկերների, փոխվարչապետերի հետ մշտապես գտնվում ենք կապի մեջ: Անցկացրել ենք 8 հանդիպում, որոնցից 4-ը եղել են առկա ռեժիմում, մյուս չորսը՝ տեսակապի:

Միաժամանակ, գրեթե ամեն օր շփվում ենք հեռախոսով, քննարկում ենք տարատեսակ տարբերակներ, որպեսզի գտնենք ավելի օպտիմալ և բոլոր կողմերի համար առավել ընդունելի երթուղիներ: Դուք գիտեք, որ աշխատել են նաև ճանապարհաշինության ոլորտի փորձագետներ, որոնք հետազոտել են ճանապարհները: Այսօր ունենք շատ լավ պատկերացումներ, թե իրականում ինչպիսին է ճանապարհների վիճակը:

Հենվելով այդ տվյալների վրա՝ հոկտեմբերի 22-ին անցկացրած համատեղ աշխատանքային խմբի 8-րդ նիստից հետո, մեզ թվում է, կհանգենք կոնկրետ լուծումների: Դրանք առաջին հերթին հիմնվում են նրա վրա, որ ճանապարհների ինքնավարությունը մնում է այն երկրների իրավասությանը, որոնց տարածքով դրանք անցնում են:

Նաև Դուք հիշատակեցիք, և դա նույնպես հայտարարությունների մեջ է, այն մասին, որպեսզի բոլոր տեսակի հսկողություններն իրականացվեն: Մենք պայմանավորվել ենք, որ այդպիսի հսկողություն պետք է իրականացվի հավասարության հիմունքներով, դա նույնպես քննարկել ենք, այդ թվում՝ այն մասին, թե ինչպես, ինչից պետք է սկսել ավտոմոբոլիային ենթակառուցվածքների ապաշրջափակումը: Ցանկանում ենք Ձեզ հետ այսօր դա քննարկել և մտածել, թե ինչպես շարժվել առաջ»,- նշել է Ալեքսեյ Օվերչուկը: