Հուսով եմ պարոն Օսիպյանը կգիտակցի, որ այդ գործողությունները չեն կարող աննկատ մնալ. Արփինե Հովհաննիսյան

Հուսով եմ պարոն Օսիպյանը կգիտակցի, որ այդ գործողությունները չեն կարող աննկատ մնալ։ 168.am-ը ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կհանգուցալուծվի Սահմանադրական դատարանի (ՍԴ) շուրջ իրավիճակը` հաշվի առնելով, որ ըստ Վենետիկի հանձնաժողովի` հունիսի 21-22-ի նիստի արձանագրության, առհասարակ շատ կոշտ գնահատականներ են հնչեցվել դատարանների հետ կապված զարգացումների վերաբերյալ։

Վերջինս ասաց, որ իշխանությունները, տեսնելով, որ որևէ այլ մեթոդ չեն կարողանում օգտագործել ՍԴ անդամներին ստիպելու, որպեսզի նրանք հրաժարական ներկայացնեն, արդեն գործի են դրել ռեպրեսիվ ողջ մեխանիզմը` ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ։

«Իշխանությունները ամեն ինչ փորձել են։ Իմ տեղեկություններով` ՍԴ դատավորներին թե՛ առաջարկվել է դիվանագիտական ծառայության անցնել եվրոպական երկրներում, թե՛ տարատեսակ այլ խոստումներ նրանց հետագա պաշտոնավարման վերաբերյալ, թե՛ անգամ անուղղակի սպառնալիքներ են հասցվել նրանց ականջներին»,- ասաց նախկին նախարարը։

«Իշխանությանը մնացել է հին ու բարի մի զենքի գործադրումը՝ ստուգել, կարող է մի բան գտնենք, ու ասում են՝ այդ գործին լծվել է Վալերիյ Օսիպյանը»,- ասաց Ազգային ժողովի նախկին փոխխոսնակն ու հավելեց.

«Մասնավորապես՝ 6-րդ վարչության ողջ ռեսուրսները, ըստ տեղեկությունների, դրել, թաքուն փորփրում են Սահմանադրական դատարանի նախագահի ու դատավորների անցյալը։ Կարծում եմ՝ իրենք չեն գիտակցում, որ իրենց էլ գուցե թաքուն հետևում են։ Հուսով եմ` պարոն Օսիպյանը կգիտակցի, ու ծանր իրավական հետևանքներ առաջացնող այդ բոլոր «գործողությունները» չեն կարող աննկատ մնալ ու չարձանագրվել՝ ճիշտ պահին ճիշտ կշեռքին դնելու համար»,- եզրափակեց Արփինե Հովհաննիսյանը:

Աղբյուր՝ 168.am