Հորս գնդակահարեցին մեր աչքի առջև. Բեն Լադենի դստեր պատմածը

Հորս գնդակահարեցին մեր աչքի առջև. Բեն Լադենի դստեր պատմածը

Ուսամա բեն Լադենը չի սպանվել դիմադրություն ցուցաբերելիս: Ամերիկյան օպերացիայի մասին պատմել է այդ պահին Բեն Լադենի հետ նույն տանը գտնված նրա դուստրը: Այս մասին հաղորդում է RBC-ն` հղում անելով պակիստանյան լրատվամիջոցներին:

Պակիստանյան հատուկ ծառայությունների մոտ հարցաքննության ժամանակ Բեն Լադենի դուստրն ասել է, որ իր հայրը ոչ մի դիմադրություն էլ ցույց չի տվել: Ամերիկացիների ուղղությամբ նույնիսկ մեկ փամփուշտ չի արձակվել: Ըստ Բեն Լադենի դստեր պատմածի` նրա հորը գնդակահարել են ամբողջ ընտանիքի աչքի առջև:

Տունն ուսումնասիրած կրիմինալիստները պարզել են, որ տան մեջ դիմադրություն իրոք չի ցուցաբերվել: Ընդ որում` այդ տանը ոչ զենք, ոչ էլ պայթուցիկ չեն հայտնաբերել: Կրիմինալիստները նաև նշել են, որ այդ տանը նկուղ էլ չկար, ուր տան բնակիչները կարողանային թաքնվել օդային ռմբակոծության ժամանակ:

Բեն Լադենի տանն ապրել է մի քանի տասնյակ մարդ: Տունը լքել են միայն Բեն Լադենի որդիները, որոնք վարել են ճապոնական մեքենաներ: Նրանք բավականին բարեհամբույր են եղել։ Սակայն տան մնացյալ անդամները տան տարածքը երբեք չեն լքել: Պատմում են, որ եթե հարակից տարածքում հարևանների երեխաները ֆուտբոլ խաղալիս գնդակը նետում էին այդ տան բակ, այն չէր վերադարձվում, այլ գումար էին տալիս, որպեսզի երեխաները նորը գնեն:

Այս պահին պարզ չէ, թե ով է եղել այն կինը, որն, ըստ ամերիկացիների, նույնպես սպանվել է երեկվա գործողության արդյունքում: Հայտնի է միայն, որ ամերիկացիները ուղղաթիռով տեղափոխել են դիակները` թողնելով մնացյալին պակիստանյան հատուկ ծառայություններին: