Հոկտեմբերի 1-ից պատվաստվելու կամ ՊՇՌ թեստի պահանջը չկատարելու դեպքում հանրային ծառայողը կազատվի աշխատանքից

Հոկտեմբերի 1-ից պատվաստվելու կամ ՊՇՌ թեստի պահանջը չկատարելու դեպքում հանրային ծառայողը կազատվի աշխատանքից

Հայաստանում քաղաքացիների մոտ բողոքի նոր ալիք է հասունացել. պատճառը՝ կորոնավիրուսի դեմ «պարտադիր» պատվաստումն է: Քաղաքացիները նոր խնդրի առաջ են կանգնած՝ պատվաստվե՞լ, թե՞ ոչ:

Հոկտեմբերի 1-ից պատվաստվելու կամ ՊՇՌ թեստի պահանջը չկատարելու դեպքում հանրային ծառայողը կազատվի աշխատանքից: Այսպես, ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ է առաջարկում կատարել: Նախագիծը մի քանի օր է, ինչ շրջանառության մեջ է դրվել եւ արդեն հասցրել քաղաքացիների, այդ թվում` մասնագետների մոտ զայրույթ առաջացնել:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախագծով առաջարկվում է «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարել փոփոխություն և լրացումներ, որոնցով սահմանվում են հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հատուկ հիմքերը: Ի դեպ, օրենքի նշված հոդվածի գործողությունը կտարածվի հանրային ծառայությունը ընդգրկող պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոնների վրա։

Ընդ որում, աշխատողն ինքը կարող է ընտրել կանխարգելման այն միջոցը, որը անհրաժեշտ կլինի իր աշխատանքի ներկայանալու համար՝ դա կլինի հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթը կամ իր ցանկության դեպքում՝ պատվաստման սերտիֆիկատը, իսկ հակացուցումների դեպքում՝ բժշկական տեղեկանքը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ արդարադատության նախարարությունն առաջարկում է հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված պարտականությունները չկատարելու դեպքում նրան չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունները և չտրամադրել վարձատրություն:

Իսկ պարտականությունների խախտման արդյունքում իր աշխատանքային պարտականությունների կատարումը չթույլատրվելու հետևանքով ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր աշխատանքային պարտականությունները չկատարելը հանրային պաշտոն զբաղեցնող անձին պաշտոնից ազատելու կամ հանրային ծառայողի լիազորությունները դադարեցնելու հիմք է: Ավելին, այս մասով նախատեսված հիմքի ի հայտ գալու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունվում է համապատասխանաբար հանրային պաշտոն զբաղեցնող անձին պաշտոնից ազատելու կամ հանրային ծառայողի լիազորությունները դադարեցնելու մասին համապատասխան իրավական ակտ:

Ի դեպ, պարտականությունը տարածվում է նաև քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, ինչպես նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վրա, բացառությամբ ՀՀ նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների։

դիմակ կրել

Սակայն քաղաքացիներն առայժմ լուռ են բողոքում շրջանառվող այս նախագծի դեմ, թե ինչ կլինի հոկտեմբերի 1-ից հետո, երբ գործատուն աշխատողից պահանջի ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական արդյունքը կամ պատվաստման փաստաթուղթը, ցույց կտա ժամանակը:

Քանի որ քաղաքացիների լայն շրջանակ դեմ է պատվաստումներին, իսկ ՊՇՌ թեստի հետազոտությունը լրացուցիչ ֆինանսական բեռ է:

Բացի այս, արդարադատության նախարարությունը որպես օրինակ բերել է ՄԻԵԴ-ը Վավրիկան և այլոք ընդդեմ Չեխիայի Հանրապետության գործը՝ երեխաների պարտադիր պատվաստումների վերաբերյալ` եզրահանգելով, որ քննարկվող դեպքում պատվաստման պահանջը բխում է անհատների և հասարակության առողջության պահպանման և երեխաների շրջանում պատվաստման մակարդակի նվազման կանխարգելման հրատապ սոցիալական անհրաժեշտությունից:

ՄԻԵԴ-ն իրավաչափ է համարել նաև չպատվաստվելու դեպքում չեխական օրենսդրությամբ նախատեսված սանկցիան, այն է՝ տուգանք՝ մինչև 10.000 չեխական կրոնա (մոտ 400 եվրո)։

Ի դեպ, այս նախագիծն արդեն հասցրել է դիտել ավելի քան 2000 քաղաքացի, կողմ քվեարկել է՝ 107 հոգի, իսկ դեմ արտահայտվել է՝ 118 քաղաքացի:

Բայց սրան զուգահեռ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է՝ աշնանը աշխարհում կորոնավիրուսային հիվանդության նոր ալիքի սպառնալիքի մասին, ապա խորհուրդ է տալիս պետություններին ձեռնարկել միջոցներ նոր ալիքի դեմ պայքարելու և վարակի տարածման տեմպերը կանխելու համար: Միաժամանակ, ԱՀԿ-ն զգուշացնում է կորոնավիրուսային հիվանդության նոր տեսակների՝ ալֆա (բրիտանական), բետա (հարավ-աֆրիկյան), գամմա (բրազիլիական) և դելտա (հնդկական) առաջանալու և դրանց առավել վտանգավորության մասին: