ՀՀ-ն առաջարկել է Յուրի Խաչատուրովին զրկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Սա խիստ ներքին իրավական գործընթաց է, և Հայաստանում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է ՀՀ քաղաքացի։ Հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է ներկայումս ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար պաշտոնը զբաղեցնող անձին առնչվող գործին և մեծ կարևորություն տալով Կազմակերպության հեղինակության և անխափան բնականոն աշխատանքի ապահովմանը, Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց։ Հայաստանը խիստ հավատարիմ է ՀԱՊԿ ամրապնդման և հզորացման հանձնառությանը ու շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել այդ ուղղությամբ համատեղ աշխատանքներին»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008 թվականի մարտի 1-ին տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի նկատմամբ հուլիսի 28-ին որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ է կիրառել։

2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ Յուրի Խաչատուրովը պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի տեղակալն էր։

Աղբյուր՝ Armtimes.com