Հանրային վայրերում ծխողը կտուգանվի 50 հազար դրամ, ծխախոտային արտադրանքը գովազդողը՝ 800 հազար. հակածխախոտային օրինագիծը մշակման փուլում է

Հանրային վայրերում ծխելու համար կարող է սահմանվել 50 հազար դրամ տուգանք, ծխախոտային արտադրանքի գովազդի համար՝ 800 հազար: Պաշտոնատար անձը կարող է տուգանվել 200 հազար դրամով, եթե իր տարածքում խախտվի ծխախոտի մասին օրենքը, իսկ նա անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել իրավախախտման կանխարգելման համար:

Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ առողջապահության  փոխնախարար Լենա Նանուշյանը:

«Գործող օրենքում ցանկացած գովազդում՝ ծխախոտի թաքնված գովազդ անելու համար տուգանքը 500 հազար դրամ է, իսկ մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ խախտումը կրկնելու դեպքում՝ 1 մլն դրամ: Մշակվող ծրագրում սահմանված է նաև, որ 800 հազար դրամը կկրկնապատկվի երկրորդ անգամ խախտելու դեպքում»,- նշեց Նանուշյանը:

Նրա խոսքով՝ նոր օրինագծով ծխելը կարգելվի բոլոր հանրային տարածքներում և հասարակական վայրերում:

2022 թվականից ուժի մեջ կմտնի նաև առնվազն մեկ պատ և տանիք ունեցող տարածքներում ծխելու արգելքը, իսկ բացօթյա սրճարաններում ծխելը դեռ չի արգելվի: