Հայ տանկիստներն անցել են տանկային բիաթլոնի կիսաեզրափակիչ փուլ

Հայաստանի տանկիստներն անցել են Մոսկվայում անցկացվող տանկային բիաթլոնի կիսաեզրափակիչ փուլ։ Մասնակից 22 պետություններից այս փուլ են անցել նաև Ռուսաստանը, Վենեսուելան և Մոնղոլիան, որոնց հետ կմրցեն հայկական անձնակազմերը։ Կիսաեզրափակիչ են անցել նաև ադրբեջանցիները։ Նրանք, սակայն, չեն մրցի հայկական անձնակազմերի հետ, քանի որ վիճակահանությամբ հայտնվել են կիսաեզրափակչի մյուս խմբում՝ Իրանի, Չինաստանի ու Ղրղզստանի հետ։

Տանկիստներն այս մրցույթում հաղթահարելու են արգելագոտին, որ խոչընդոտներ է ստեղծում մարտական մեքենաների համար, և կրակելու են տանկի բոլոր զինատեսակներով՝ ամենաարագին ու ամենադիպուկին պարզելու համար։ Հայաստանի մասնակցությամբ հաջորդ մրցափուլը կլինի օգոստոսի 8-ին։