Հայ հումորիստներն այլևս թող ինձ չզանգեն. Գարիկ Մարտիրոսյանի բացառիկ հարցազրույցը

Գարիկ Մարտիրոսյանը մեկն է ում ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Ռուսաստանում ներկայացնելու կարիք չկա. նրան ճանաչում է յուրաքանչյուրը։

Ռուսաստանաբնակ հայ շոումեն, հումորիստ և հեռուստահաղորդավար, հայտնի Comedy Club շոուի համապրոդյուսեր և գեղարվեստական ղեկավար, «Նաշա Russia» և «Ծիծաղ առանց կանոնների» հայտնի հեռուստանախագծերի պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը բացառիկ հարցազրույց է տվել Sputnik Արմենիային` պատասխանելով սադրիչ և հետաքրքրաշարժ հարցերի։

— Հայաստանում ապրող և հանդես եկող ո՞ր հումորիստին եք համարում ամենալավը։ Արդյոք կվերցնեի՞ք նրան Comedy Club։

— Հասկանում եմ, թե ինչու եք ինձ այդ հարցն ուղղում, և հենց նման ձևակերպմամբ։ Հայ հումորիստներից ոչ մեկի Comedy Club երբեք չեմ վերցնի։ ՏՆՏ-ում ինձ մրցակիցներ պետք չեն։ Այդպես էլ գրեք։ Հայկոն և Մկոն, որոնց ճանաչում և սիրում են Հայաստանում, բացի այդ ես նույնպես նրանց հիանալի մանրապատումների մեծ երկրպագուն եմ, թող ինձ այլևս չզանգահարեն։ Իսկ Գարիկն ու Արամը, որոնք նոր ֆորմատի հումորիստներ են, սրամիտ և շատ լավ տղաներ, թող մոռանան հեռախոսահամարս։

Իսկ մեր սիրելի Հրանտ Թոխատյանը` դրամատիկ դերասան և հիանալի երգիծաբան, ընդհանրապես թող իմ հասցեն մոռանա։ Իսկ Աշոտ Ղազարյանը, մեր սիրելի Աշոտ Սուրենովիչը` բոլոր սերունդների կուռքն ու հումորի մաեստրոն, թող նույնպես ձեր միջոցով չակնարկի Comedy Club գալու մասին։ Մենչը նույնպես, որին ինչպես ես, այնպես էլ մի շարք հեռուստադիտողներ, շատ ենք սիրում, թող Comedy-ին մասնակցելու միտքը գլխից հանի։

ՈւՀԱ-ի ԵրԲԻ թիմն էլ` հումորի մեր ուսուցիչները, թող իմանան` մենք անշնորհակալ աշակերտներ ենք, Comedy Club որևէ մեկին չենք վերցնելու։ Հ.Գ.

Իսկ եթե լուրջ, ապա մի շարք հայ հումորիստներ տարբեր տարիներ Երևանից մեզ մոտ են եկել և հաջողությամբ ելույթ ունեցել Comedy Club-ում։ Մենք միշտ սպասում ենք նրանց, և մեր բեմը միշտ բաց է նրանց համար։

— Ո՞ւմ կատակներն են ավելի հզոր` ձեր, թե՞ ձեր կնոջ` Ժաննայի։

— Անկեղծ ասած, մեր հումորը շատ տարբեր է։ Իմ հումորի զգացումը, եթե այդպես կարելի է ասել` հեռուստատեսային է, հղկված է պրոֆեսիոնալ բեմական գործունեության համար, իսկ Ժաննան սուր, դիպուկ, ծավալուն, «ամսագրային» հումոր ունի և, որն ամենազարմանալին է աղջկա համար` բացարձակ խիստ և տղամարդկային։ Ժաննան երկու տարի է ինչ սրամիտ պատմվածքներ է գրում և իսկապես բավական ծիծաղելի գրառումներ կատարում. մտեք Ինսթագրամի նրա էջ և ինքներդ գնահատեք նրա հումորը։

Ուզում եմ հաճույքով մի գաղտնիք բացել` Մոսկվայում աշնանը լույս կտեսնի նրա առաջին գիրքը։ Իսկ ես ստեղծագործական գործունեության 25 տարիների ընթացքում ոչ մի գիրք չեմ գրել։ Եվ ո՞ւմ կատակներն են ավելի հզոր։

— Ո՞վ ավելի լավ կվարեր Բատրուտդինովի հարսանիքը, դուք, թե՞ Պետրոսյանը։

— Բնականաբար, Եվգենի Պետրոսյանը։ Չէ՞ որ նա է եղել «Кривое зеркало», «Аншлаг!» և «Смехопанорама» ծրագրերի հաղորդավարը, իսկ բոլոր այս խոսքերը հստակ նկարագրում են Բատրուտդինովի ապագա հարսանիքը։

— Պավել Վոլյային ո՞ր մեղքի համար Երևան չբերեցիք։

— Որովհետև նույնիսկ կտտանքներից հետո Պավել Վոլյան հրաժարվում է իր ազգանվան վերջում «ն» տառն ավելացնել։ Իսկ եթե անկեղծ, ապա դա ապատեղեկատվություն է, Վոլյան գալու է Երևան և փայլի Comedy Club-ի բեմում։ Այլապես, կկորչենք առանց մեր Պողոս Վոլյանի։

Աղբյուր՝ armeniasputnik.am