Հայրն ու որդիները վիճաբանել են․ հայրը՝ վիճաբանությանը միջամտած կնոջը ծեծի է ենթարկել․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Հայրն ու որդիները վիճաբանել են․ հայրը՝ վիճաբանությանը միջամտած կնոջը ծեծի է ենթարկել․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Հունիսի լույս 22-ի գիշերը ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Նոր Խարբերդում դանակահարություն է եղել, նաև ծեծել են մի կնոջ:

Նույն ժամանակահատվածում ոստիկանության Մասիսի բաժնում տարբեր հիվանդանոցներից ահազանգեր ստացվեցին։ 23-ամյա երիտասարդի ու 47-ամյա կնոջ ախտորոշումը «պոլիտրավմա» էր, իսկ 26 և 46 տարեկան տղամարդկանց վնասվածքները կտրած-ծակած էին։

Մասիսի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզեցին, որ տուժածներն ընտանիքի անդամներ են։ Հունիսի 21-ին, ժամը 23.50-ի սահմաններում, կենցաղային հարցի շուրջ հայրն ու որդիները վիճել էին, դանակահարել իրար, իսկ հայրը նաև ծեծի էր ենթարկել վիճաբանությանը միջամտած կնոջը, որը հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում:

46-ամյա տղամարդն ու ավագ որդին հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Մասիսի բաժին:

Հայտնաբերվեց նաև հանցագործության գործիք դանակը:

Դեպքից ժամեր անց Մասիսի բաժնում ստացվեց հիվանդանոցային հերթական ահազանգը։ Հայտնում էին, որ բուժօգնության տեղափոխված կինը մահացել է:

46-ամյա տղամարդը ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Տեսանյութը ստորև