Հայտնիներ, որոնք տեսել են 1988-ի ավերիչ երկրաշարժը և հրաշքով փրկվել

Հայտնիներ, որոնք տեսել են 1988-ի ավերիչ երկրաշարժը և հրաշքով փրկվել։ 1988 թվական` դեկտեմբերի 7:25 հազար հոգու կյանք խլած եւ 500 հազարից ավելի մարդու անօթեւան թողած աղետալի երկրաշարժը ցնցեց Գյումրին, Սպիտակը, Վանաձորը, Ստեփանավանը եւ այլ քաղաքներ ու գյուղեր:

Հայտնիների շրջանում եւս կան այնպիսիք, որոնք հիշում են հայերիս համար ողբերգական այդ օրը:

Մի մասն ունեցել է անդառնալի կորուստներ, մյուս մասը՝ փրկվել հրաշքով: 31 տարի անց էլ սպիները չեն ապաքինվում, սակայն երկրաշարժի ականատեսներն իրենց մեջ գտել են ուժ հողին ամուր կանգնելու եւ առաջ շարժվելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթն ամփոփել է հայտնիների պատմությունները՝ կապված 1988-ի երկրաշարժի հետ:

Դերասան, ռեժիսոր Սամվել Սարգսյան

Սամվել Սարգսյան

Թեեւ դերասանը բնիկ երեւանցի է, բայց ճակատագրական այդ օրը գտնվում էր Գյումրիում: Երկրաշարժը նրանից խլեց ամենաթանկը՝ սիրելի կնոջն ու 7-ամյա որդուն:

Սամվել Սարգսյանին առաջարկվել էր աշխատել Հայաստանի երեք քաղաքներից որեւէ մեկի թատրոնում: Ճակատագրի բերումով նա ընտրել էր հենց Գյումրին, Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը:

Հենց այդ թատրոնի դաշնակահարուհուն էլ սիրահարվել էր ռեժիսորը: Հետո նրանք ամուսնացել էին, կինը ռեժիսորին որդի էր պարգեւել…

Դերասանուհի Անի Պետրոսյան

Անի Պետրոսյան

Անին ծնվել, մեծացել է հենց Գյումրիում, սակայն նրա պատմությունն ուրախ ավարտ ունի: Ավերիչ երկրաշարժի ժամանակ Անին եղել է 7 տարեկան, գտնվելիս է եղել դպրոցում:

Դասի ժամանակ նրա դասղեկն անընդհատ հետաձգել է դպրոցի մյուս կորպուս տեղափոխվելու գործընթացը:

Եվ եթե նա այդ քայլին չգնար, ամբողջ դասարանից ոչ ոք ողջ չէր մնա. այդ կորպուսից ոչ ոք չի փրկվել:

Իսկ հենց երկրաշարժի պահին նա նույնիսկ իր երեխաների մոտ չի վազել մինչեւ այն պահը, երբ սաներից ամեն մեկին հանձնել է իր ծնողին: Անին մինչ օրս ասում է, որ կյանքով է պարտական իր դասղեկին:

Երգչուհի Իրինա Հարությունյան

Իրինա Հարությունյան

Իրինան եւս ծնունդով գյումրեցի է: Նա երկու տարեկան էր, երբ տեղի է ունեցել ողբերգական աղետը:

Այդ պահին Իրինան եղել է մանկապարտեզում, ու թեեւ փոքր էր, այսօրվա պես հիշում է երկրաշարժը, մանկապարտեզի շենքի ցնցումները եւ այն, որ ներսում հնարավոր չէր տեղում կանգնած մնալ:

Մինչ օրս նրա ականջին է հասնում մանուկների ճիչը, գոռոցները…

Բարեբախտաբար, չարաբաստիկ երկրաշարժն Իրինայի ընտանիքի անդամներից ոչ ոքի չի խլել, բայց բարեկամներից շատերին չի շրջանցել: Կանգուն է մնացել նաեւ Իրինայի պապիկի կառուցած երկհարկանի տունը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում