Հայկ Մարությանի երեք տարվա կոռուպցիոն գործերը բացահայտվում են. «Ժողովուրդ»

Հայկ Մարությանի երեք տարվա կոռուպցիոն գործերը բացահայտվում են

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ ԱԱԾ-ն «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում տեղի ունեցած չարաշահումների մասով քերական գործ է հարուցել: Վերոնշյալ հիմնարկի ղեկավարը, ըստ մամուլի հրապարակումների, քաղաքապետ Հայկ Մարությանի մտերիմ ընկերն է՝ Արմեն Գրիգորյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ մարմիններն ուսումնասիրել են հիմնարկի թույլ տված, կոռուպցիոն ռիսկեր ունեցող գործարքները կամ երեւույթները: ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել, օրինակ, այն տեղեկությունը, որ հիմնարկի բեռնատար մեքենաների անվադողերը վաճառքի են հանվել: «ԵԱՍՄ-ն առքուվաճառք իրականացնելու գործառույթ չունի, բայց անվադողերը հանել է վաճառքի:

Դրա հետեւում անձամբ հիմնարկի տնօրենն է եղել՝ Գրիգորյանը: Տեղեկությունը, թե անվադողերը պատերազմի օրերին սահման են ուղարկվել, սուտ է: Հիմնարկը սահման անվադող ուղարկել է տավուշյան դեպքերի ժամանակ միայն, իսկ 44-օրյա պատերազմի օրերին, փոխանակ ուղարկվեր առաջնագիծ, վաճառվել է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ԵԱՍՄ նախկին աշխատողներից մեկը, ում անունը, իր խնդրանքով, չենք նշում:

աղբատար մեքենա

Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ շուրջ տարիուկես հիմնարկի 4 աշխատակիցներ, որոնք երբեւէ՝ որեւէ օր, աշխատանքի չեն եկել, աշխատավարձ են ստացել: «Այսինքն՝ նրանց անուններով աշխատավարձ է դուրս գրվել, բայց այդ գումարը նրանց չի հասել, որովհետեւ դա ֆիկտիվ գործարք է եղել:

Խոսքը մոտ 17 մլն դրամի մասին է»,- ընդգծեց նա: ԵԱՍՄ նախկին աշխատակցի պատմելով՝ հիմնարկի բոլոր ավտոմեքենաները վառելիք միայն CPS բենզալցակային պատկանող կոնկրետ մեկ լցակայանից են լիցքավորում, որ Իսակովի պողոտայում է գտնվում»,- հավելեց նա: Աղմկահարույց գործարքներից մեկն էլ այն է, որ պարգեւավճար ստացած բոլոր աշխատակիցները դրա մի մասն անպայման վերադարձրել են:

«Մարությանի անմիջական իմացությամբ 3 տարի շարունակ բոլորիս ստացած պարգեւավաճարի մի մասը, հաճախ՝ ամբողջը, վերադարձվել է»,- նշեց նա: Եթե ԱԱԾ-ում պարզվեցին՝ այս ամենը կամ դրա փոքր մասը 100% ճշմարտություն է, ստացվում է՝ դա եղել է այն ժամանակ, երբ Մարությանը Փաշինյանի սիրելին էր, ու նրան ներվում էր թվացյալ ամեն մի անօրինականություն:

Հիմա, սակայն, քաղաքական ճնշումներ են իրականացվում երբեմնի «կարգին Հայկոյի» նկատմամբ:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում