Հայկ Ալումյանը այսօր վերաքննիչ բողոք է ներկայացնելու՝ Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ

Tert.am-ը գրում է․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացնելու: Հայկ Ալումյանն ասաց. «Վերաքննիչ բողոք եմ ներկայացնելու Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ»:

Ինչ վերաբերում է 45 պատգամավորների անձնական երաշխավորությանը` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ, Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը ասաց, որ այն ստացվել է ուրբաթ օրը և դեռ քննարկման փուլում է:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը 7 ժամ տևած քննությունից հետո բավարարեց «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։

Նույն օրը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետնախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։