Հայաստանում կհիմնվի «Ուրսուս» մակնիշի տրակտորների արտադրություն

Դեկտեմբերի 14-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց լեհական «Փոլ-Մոտ» հոլդինգի պատվիրակությանը հոլդինգի փոխտնօրեն Մառեկ Փոլի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ Տիրգան Ավինյանը վերհիշեց, որ մի քանի ամիս առաջ Վանաձոր այցելության ընթացքում հայկական «Սլացք» ընկերության գործունեության հետ ծանոթացումը և լեհական հոլդինգի կողմից Հայաստանում տրակտորների արտադրություն սկսելու իր գրասենյակ ուղարկված առաջարկը զուգադիպել էին, և այժմ ուրախ է, որ համագործակցություն հաստատելու ուղղությամբ լուրջ քայլեր են արվում: Նա նաև հավելեց, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս օտարերկրյա ներդրողների հետ աշխատանքին և աջակցելու է «Փոլ-Մոտ»-ի գործունեությանը Հայաստանում:

Մառեկ Փոլը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և ասաց, որ մտադրություն ունեն, օգտագործելով «Սլացքի» կարողությունները և լեհական տեխնոլոգիաները, «Ուրսուս» մակնիշի տրակտորների արտադրություն հիմնել Հայաստանում, որոնք կօգտագործվեն ինչպես երկրի ներքին շուկայի համար, այնպես էլ կարտահանվեն այլ երկրներ: Այս առումով Տիգրան Ավինյանը նշեց, որ երկրում տրակտորների պարկը արդեն բավականին հնացած է և Հայաստանում արտադրված տրակտորներով դրանք փոխարինելը ցանկալի հեռանկար կլինի:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան նաև այլ ոլորտներում համագործակցության հնարավորություններին: Մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փոլ-Մոտ հոդլինգն արտադրում է նաև «Ուրսուս Բաս» էլեկտրական և դիզելային ավտոբուսներ, քննարկվեց Հայաստանում ավտոբուսներ արտադրելու հնարավորությունը: