Հայաստանում աղբի թափոններն այլևս կտեսակավորվեն և կվերամշակվեն

Երևանի քաղաքապետարանը միացել է աղբի տեսակավորման ու վերամշակման «Recycle it» ծրագրին։

Երևանի քաղաքապետարանը միացել է «ԱյԷսԷսԴի» թիմի նախաձեռնությամբ կազմակերպված «Recycle it» նախագծին, որի նպատակն է նպաստել Հայաստանում աղբի, թափոնների տեսակավորման ու վերամշակման մշակույթի ձևավորմանը՝ տեսակավորման ամանների տեղադրման և թափոնների կառավարման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով: Ծրագիրն իրականացվում է 2018 թվականից ՄԱԶԾ-ԳԷՀ կողմից ֆինանսավորվող փոքր դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում:

Այս ծրագրով թափոնների տեսակավորում է իրականացվում արդեն Հայաստանի ավելի քան 80 կազմակերպություններում՝ ներառյալ 44 կրթական հաստատություններում (դպրոցներ, համալսարաններ, նախակրթական համալիրներ և այլն), մասնավոր ընկերություններում, միջազգային կազմակերպություններում, պետական հաստատություններում և բնակելի համալիրներում։ Ծրագրի շահառուների թիվը գերազանցում է 100.000-ը: «Recycle it» ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեն տեսակավորելու հետևյալ թափոնները՝ պլաստիկ շիշ, թուղթ, մետաղ և ապակի:

Ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում տեղադրվել է տեսակավորման երկու աղբարկղ, որոնց թիվը նախատեսվում է մեծացնել և տեղադրել երկրորդ մասնաշենքում, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի շենքերում:

Նշենք, որ «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» («ԱյԷսԷսԴի») ՀԿ-ն նորաստեղծ կազմակերպություն է, որը նորարարական լուծումներ է առաջարկում թափոնների կառավարման, շրջակա միջավայրի պահպանության ու համայնքների կայուն զարգացման համար: