«Հայաստանի փորձը գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ էժան քաղաքական գործիչները շատ թանկ են նստում ժողովրդի վրա»

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այլևս ակնհայտ է, որ Հայաստանի նոր իշխանությունները չունեն երկրի զարգացման և ոչ մի ռազմավարական ծրագիր, որն համարժեք կլիներ մեր առջև ծառացած ներքին և արտաքիքն բազում մարտահրավերներին:

Համաշխարհային պոպուլիզմի տեղային ֆենոմենը Հայաստանում իշխանության է բերել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մի թիմի, որի քաղաքական գոյության մատրիցան շատ պարզունակ է՝ դու տալիս մարդկանց չհիմնավորված հույսեր, իսկ ժողովուրդը, խաբվելով, քեզ է տալիս իշխանության մանդատ:

Այս պրիմիտիվ սխեման, էֆեկտիվ լինելով կարճաժամկետ կտրվածքով, պլանավորման հորիզոնում շատ արագ սկսում է վթարների ենթարկվել: «Հույսի վաճառականի» քաղաքական իմիջը խոցելի է դառնում առաջին իսկ պահից, երբ այդ ժողովրդին տրված խոստումները բախվում են մի կողմից առկա դառը իրականությանը, մյուս կողմից՝ սեփական քաղաքական սնանկությանը:

Երկիրը, կորցնելով զարգացման իրական ուղենիշները, վերածվում է «օրվա հացի», «օրվա ստատուսի» կամ «օրվա սկանդալի» կեցավայրի: Հետզհետե քայքայվող հասարակական հարաբերություններին միանում է նաև պետական ապարատի էրոզիան, և պետությունը կորցնում է իր երբեմնի ռազմավարական խորությունը:

Ցավոք, Հայաստանի փորձը գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ էժան քաղաքական գործիչները շատ թանկ են նստում ժողովրդի վրա:

Եվ որքան էլ տեսանելի է, որ Նիկոլ Փաշինյանն հեշտությամբ իշխանությունը չի զիջելու, այնուհանդերձ գնալով ակտուալ է դառնում «Հայաստան՝ Նիկոլից հետո», Post-Նիկոլ տեսլականի մշակումը, որտեղ պահանջվելու է լայն քաղաքական հենքով ուժերի կոնսոլիդացիա, և որի հիմքում պետք է լինի ոչ թե Փաշինյանին մերժելու, այլ երկիրը վերջնականապես դժոխքի չվերածելու առաքելությունը»: