Հայաստանի Հանրապետությունը պետք է վերագտնի արդյունաբերական երկրի իր երբեմնի փառքը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Հայաստանի Հանրապետությունը պետք է վերագտնի արդյունաբերական երկրի իր երբեմնի փառքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին Գյումրիում մասնակցել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» տնտեսական համաժողովին: Կառավարության ղեկավարը նախ շրջայց է կատարել համաժողովի շրջանակում բացված էքսպո-ցուցահանդեսում, ծանոթացել տաղավարներում ներկայացված Շիրակի մարզի ընկերությունների արտադրություններին՝ գյուղմթերք, վերամշակող արդյունաբերություն, տեքստիլ, կոշիկի արտադրություն և այլն:

Նիկոլ Փաշինյանն ընկերությունների ներկայացուցիչներից հետաքրքրվել է արտադրության կազմակերպման խնդիրներից և առաջիկա ծրագրերից:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօրվա միջոցառումը հարմար է հայտնի իրադարձություններից մեկ տարի անց խոսելու կառավարության տնտեսական քաղաքականության հայեցակարգային մոտեցումների մասին:

«Ըստ էության, այս հայեցակարգային դրույթները պետք է անվանեմ տնտեսական հեղափոխության հայեցակարգային դրույթներ, որոնք մենք առաջիկայում կամբողջացնենք և կներկայացնենք որպես ամբողջական ռազմավարություն, թե ինչպես ենք պատկերացնում Հայաստանի զարգացումը  և տնտեսական կառուցվածքը:

Այս փուլում արդեն կարողացել ենք կարևոր քայլ անել, խոսքը Հարկային օրենսգրքի բարեփոխումների մասին է: Տնտեսական քաղաքականության մեջ մենք նաև հարկային փոփոխութունների մի քանի մակարդակ ենք դիտում` միկրո, միջին և մակրո բիզնեսների նկատմամբ վարվող քաղաքականություն», – ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով որ մակրո բիզնեսը լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում:

Վարչապետը տեղեկացրել է, որ գալիք տարվա հունվարի 1-ից միկրո բիզնեսը կազատվի բոլոր տեսակի հարկերից, այս ընկերությունների աշխատողների համար եկամտային հարկը 23 տոկոսի փոխարեն կսահմանվի 5-հազարական դրամ: «Սա կարևորում ենք գործարար ակտիվությունը մեծացնելու համար, այն մեր աջակցությունն է քաղաքացիներին և կոչը` ծավալել գործունեություն: Այս գործը տեսնում ենք որպես աղքատության հաղթահարման կարևոր մի գործիք: Օրինակ, այսօր ընտանեկան բիզնեսի դեպքում շեմը բարձրացրել ենք մինչև 24 մլն դրամ:

Գալիք հունվարի 1-ից այդ հնարավորությունից կօգտվեն նաև Երևանից դուրս գտնվող առևտրային կրպակները, խոսքը վերաբերում է նրանց, ովքեր իրենց գործունեությունը չեն ծավալում առևտրային կենտրոններում: Տարեկան մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող հյուրատները նույնպես կօգտվեն այս արտոնությունից», – ասել է վարչապետը: