Կրակոցներ Վարդենիս քաղաքում. ինչու են ոստիկանները թաքցրել դեպքը «Ժողովուրդ»

Սոթքի ոսկու հանքի շուրջ աղմկահարույց դեպքերը շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փետրվարի 7-ին` երեկոյան ժամը 22:30-ի սահմաններում, էլի կրակոցներ են հնչել Վարդենիս քաղաքում:

Կրակողները դարձյալ նույն բանդայի անդամներն են: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել Սոթքի ոսկու հանքում «աշխատող չղջիկների» թեմային, որոնց գործողությունները ուղեկցվել են կրակոցներով եւ զոհերով: «Չղջիկները» Վարդենիսի այն բնակիչներն են, որոնք չունեն աշխատանք եւ ընտրել են ապրելու ամենավտանգավոր միջոցը: Նրանք մտնում են Սոթքի ոսկու հանքափոսը, հանքանյութ գողանում, պատրաստում ոսկու ձուլվածքը եւ վաճառում:

Սակայն անօրինական ճանապարհով հանքախորշեր բացողների եւ ոսկի հանողների միջեւ մշտապես աղմկալի վեճեր են լինում, թե ով պետք է մտնի, հանածոն ինչպես բաշխի, ում, ինչքան բաժին տա եւ այլն: Ու այդ ամենը ուզեկցվում է կրակոցներով: Սակայն հաճախ այդ հանցանքները անտեսվում են իրավապահ կառույցների կողմից` ձեւավորելով անպատժելիության մթնոլորտ: Այնպիսի տպավորություն է, որ Վարդենիսում ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ ոստիկանությունը չեն գործում:

Նյութի սկզբնաղբյուր` armlur.am