Կրակոցներ Երևանում. վարկածներից մեկով` այն վենդետա է

Կրակոցներ Երևանում. վարկածներից մեկով` այն վենդետա է

Shamshyan.com-ի տեղեկություններով երեկ՝ հուլիսի 14-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։15-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքացիական ավտոմեքենայով հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածն է Երևան քաղաքի Սարի Թաղի 26-րդ փողոցի բնակիչ՝ 27-ամյա Սամվել Հովհաննիսյանը։ Ըստ բժիշկների՝ վերջինս գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ Էրեբունու բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Վահե Լաչինյանի գլխավորությամբ պարզել են նաև, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Սարի Թաղի 26-րդ փողոցի 26 և 13 տների դիմացից և ժամանելով դեպքի վայր՝ այնտեղ հայտնաբերել են ավտոմատից կրակված 2 պարկուճ, արնանման բազմաթիվ հետքեր, BMW X5 մակնիշի ավտոմեքենա։

Տեղում Վ. Լաչինյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ստեղծվել է քննչական խումբ՝ ավագ քննիչ Սահակ Մինասյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։

Ոստիկանությունն ու քննչական բաժինն աշխատում են մի քանի վարկածի ուղղությամբ, այդ թվում՝ վենդետայի, և մոտավոր կա նաև կասկածյալ, ում նկատմամբ ամիսներ առաջ նույնպես հրազենի գործադրմամբ սպանության փորձ է կատարվել, և այս պահին նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չենք հրապարակում։