Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին ցուցաբերել հանդարտություն, զերծ մնալ բռնություններից. Գարեգին Բ-ն ուղերձ է հղել

Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին ցուցաբերել հանդարտություն, զերծ մնալ բռնություններից: Գարեգին Բ-ն ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի  կապակցությամբ:

«Սիրելի հավատավոր զավակներ մեր, 

Խորը մտահոգությամբ ենք հետևում անցնող մի քանի ժամերին Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակին:

Մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրինահարգության ամրապնդման ուղղությամբ արձանագրված հաջողությունները հնարավոր է պահպանել ու զորացնել միայն եղբայրության և սիրո ոգու ամրապնդմամբ:

Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին` ցուցաբերել հանդարտություն, զերծ մնալ բռնություններից, խաղաղությամբ, ազգային միասնության ոգով և միմյանց նկատմամբ սիրով առլեցուն ներդնելու բոլոր ջանքերը` հաղթահարելու համար մեր առջև ծառացած մարտահրավերները:

Մենք հավատում ենք, սիրելի՛ զավակներ մեր, ձեր ողջախոհությանը և հայրենիքի ապագայի հանդեպ ձեր պատասխանատվության բարձր գիտակցությանը:

Հայրապետիս աղոթքն է, որպեսզի օրհնյալ մեր երկրի մեջ փոխըմբռնման և համերաշխության միջոցով, Տիրոջ օգնականությամբ լուծվեն առկա բոլոր տարաձայնություններն ու հակառակությունները: Երկնառաք օրհնություն և աստվածային իմաստություն ամենքիս»: