«Կոնվերս բանկ»-ի մասնաճյուղից առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակության գործը բացահայտվել է

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ «Կոնվերս բանկ»-ի մասնաճյուղից ավազակությամբ առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակություն կատարելու գործը դատարանում է։

ՀՀ քննչական կոմիտեի «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության «Սայաթ-Նովա» մասնաճյուղից ավազակությամբ առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով, Պյոտր Ցիգանկովի մասով, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2017թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության «Սայաթ-Նովա» մասնաճյուղում վտանգավոր բռնություն գործադրելու, այն է՝ պայթյուն իրականացնելու վերաբերյալ գրավոր ներկայացրած սպառնալիքով, մասնաճյուղի կառավարչից Պ. Ցիգանկովը պահանջել և հափշտակել էր առանձնապես խոշոր չափերով գումար։  Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Մասնաճյուղի կառավարիչը, սպառնալիքների ազդեցության ներքո, կատարել էր գրավոր ներկայացված պահանջը, և Պ. Ցիգանկովը, հափշտակելով չհրկիզվող պահարանում առկա առանձնապես խոշոր չափերի գումարը՝ 42.709.000 ՀՀ դրամ, 105.223 ԱՄՆ դոլար, 27.325 եվրո, 439.800 ՌԴ ռուբլի և 205 ֆունտ ստերլինգ, դիմել էր փախուստի՝ հափշտակելով «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 112 215 171 ՀՀ դրամ գումարները։