Կերչի քոլեջում ուսանողը զանգվածային սպանդ իրականացնելուց օրեր առաջ զենք է գնել և համապատասխան ֆիլմեր դիտել․ Նոր մանրամասներ

Հայտնի են դարձել Կերչի քոլեջում սպանդ իրականացրած անձի մոր հարցաքննության առաջին մանրամասները: Պարզվել է, որ սպանդից մի քանի օր առաջ ուսանողը համակարգչով դիտել է տարբեր դպրոցներում հրաձգության մասին տեսանյութեր: Երբ կինը հետաքրքվել է, թե ինչու է նա դրանք նայում, ի պատասխան որդին ասել է՝ հենց էնպես:

Քննիչներն արդեն ձեռնամուխ են եղել Կերչի պոլիտեխնիկական քոլեջի չորրորդ կուրսի սան Վլադիսլավ Ռոսլյակովի համակարգչի ուսումնասիրությանը: Հաղորդվում է, որ բրաուզերի չփակված հավելվածում նրա վերջին որոնողական հարցումը եղել է՝ «ինչպես պատրաստել ինքնաշեն պայթուցիկ սարք»:

Բացի այդ, Ռոսլյակովի համակարգչի կոշտ սկավառակի վրա պահպանվել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի մեծ թվով նկարներ, սխեմաներ և հրահանգներ: Ինչպես հաղորդվել էր, տեսանկարահանող խցիկները ֆիքսել են այն պահը, երբ ուսանողը զանգվածային սպանդ իրականացնելուց չորս օր առաջ՝ հոկտեմբերի 13-ին, զենքի խանութից գնել է զինամթերք. նա վաճառողուհուն է տալիս գումարը, վերցնում ծանր փաթեթը, դնում սև ուսապարկի մեջ ու հեռանում:

Վլադիսլավ Ռոսլյակովի հարևանուհին լրագրողներին պատմել է տղայի՝ մանկուց դրսևորվող ագրեսիայի մասին: Հայտնի է, որ հրաձիգի ծնողները բաժանված են եղել: Հայրը թողել է հոգեկան անհավասարակշիռ մարդու տպավորություն: «Շարունակ տարօրինակ բաներ էր խոսում, թրով դուրս էր գալիս փողոց»,- պատմել է հարևանուհին:

Ինչ վերաբերում է տղայի մորը, ապա առայժմ չճշտված տվյալներով՝ նա եղել է Ռուսաստանում արգելված «Եհովայի վկաներ» աղանդի անդամ և որդուն էլ տարել է ժողովների: Կինն աշխատել է Կերչի ուռուցքաբանության դիսպանսերում սանիտար: Նա եղել է աշխատանքի վայրում, երբ սկսել են այդտեղ տեղափոխել իր որդու վիրավորած սաներին: Կերչի քոլեջի ծնողներին, որը, վերջին տվյալներով, խլել է 21 մարդու կյանք և վիրավորել ավելի քան 50-ին, որոնք մինչ օրս գտնվում են հիվանդանոցներում, կտուգանեն 500 ռուբլիով. օրենքի պահապաններն արդեն ձևակերպել են վարչական իրավախախտման մասին արձանագրություն՝ «ծնողական պարտականությունների ոչ պատշաճ կատարում», և այն կհանձնեն որդու թաղումից հետո:

Նախկինում հաղորդվել էր, որ երիտասարդն օրինական ստացել է 12 մմ տրամագծի զենք կրելու թույլտվություն, իսկ քոլեջում ողբերգությունից մի քանի օր առաջ ձեռք էր բերել մոտ 150 փամփուշտ: Սակայն ավելի ուշ Ղրիմի օմբուդսմենն ասել է, որ թույլտվության մասին տեղեկատվությունը չի հաստատվել: Վլադիսլավ Ռոսլյակովին նշանակվել է հետմահու հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություն՝ նրա արարքի դրդապատճառները պարզելու համար:

Աղբյուր՝ araratnews.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...