Կարծում եմ՝ իմ ժամանակը եկել է, քանի ինձ չեն վռնդել․ Կադիրով

Կարծում եմ՝ իմ ժամանակը եկել է, քանի ինձ չեն վռնդել․ Կադիրով

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հայտարարել է, թե մտածում է հրաժարականի մասին:

«Ես կարծում եմ, որ իմ ժամանակը եկել է։ Քանի ինձ չեն հեռացրել», — իր Տելեգրամ ալիքում հրապարակած տեսաուղերձում հայտարարում է Չեչնիան ավելի քան 15 տարի ղեկավարող Կադիրովը։

Տեսանյութին կցված է նաև հետևյալ գրառումը․ — «Կարծում եմ, որ ես արժանի եմ անժամկետ և երկար արձակուրդի։ Հուսով եմ, որ դուք ինձ կաջակցեք և կհասկանաք»: Այս խոսքերը, սակայն, Կադիրովը տեսաուղերձում չի հնչեցրել:

Ռամզան Կադիրովը 45 տարեկան է, մոտ մեկուկես միլիոն ազգաբնակչություն ունեցող Չեչնիայի իշխանության ղեկը ժառանգել է 2007 թվականին հորից՝ Ահմադ Կադիրովից՝ վերջինիս սպանությունից հետո։

Կրտսեր Կադիրովի կառավարման մեկուկես տասնամյակն աչքի է ընկնում մարդու իրավունքների աննախադեպ խախտումներով, խոշտանգումներով, մարդկանց առևանգումներով, ինչն էլ ստիպել է արևմտյան երկրներին կոշտ պատժամիջոցներ ընդունել չեչեն առաջնորդի նկատմամբ՝ այդ թվում արգելելով նրա մուտքը արևմտյան երկրներ, սառեցնելով արևմտյան բանկերում նրա հաշիվները:

Կրեմլն առայժմ չի արձագանքել Կադիրովի հայտարարություններին, հնարավոր հրաժարականի իրական պատճառներն այս պահին հայտնի չեն: