Կանխվել է ադրբեջանական ստորաբաժանումների միավորման փորձը

Կանխվել է ադրբեջանական ստորաբաժանումների միավորման փորձը

Հայ զինծառայողները գերեվարվել են Հայաստանի տարած ապօրինի ներխուժած ադրբեջանական երկու ստորաբաժանումների միավորվելու փորձը չեզոքացնելու ընթացքում: Այս մասին մայիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդուարդ Ասրյանը:

Գեներալն արձանագրեց, որ ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական, շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը:

Մայիսի 12-ից արեւելյան եւ հյուսիսարեւելյան սահմաններում օպերատիվ-մարտավարական իրավիճակը փոփոխությունների է ենթարկվել՝ պայմանավորված Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ստորաբաժանումների անօրինական ներխուժման հետ:

Գեներալի գնահատմամբ՝ ընդհանուր իրավիճակը համեմատաբար լարված է: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները փորձում են մի քանի ուղղություններով սադրանքներ իրականացնել՝ հայկական կողմին ստիպել կատարել իրենց թելադրած գործողությունները: Մերոնք հակամիջոցներ են ձեռնարկում ադրբեջանցիներին վտարելու համար:

Իրավիճակը լարված է Սեւլիճ-Վերինշեն (Սիսիան-Գորիս) հատվածներում եւ գիշերը լարվածությունը սրվել է Կութ-Նորաբակ (Դամիրդաղ-Կութ Նորաբակ) հատվածում: Լարվածության գագաթնակետը առավոտյան ժամը 5-ին է եղել:

«Մենք արձանագրել ենք, որ նրանց ստորաբաժանումները 2 ուղղություններով՝ 1,5 կմ եւ 2,5 կմ խորությամբ Հայաստանի տարածքում առաջանալով, փորձել են միավորվել՝ իրենց համար առավել բարենպաստ իրավիճակ ստեղծելու համար:

Որոշվել է հիմնել 1 նոր անցակետ, որը կխափաներ նրանց գործողությունները: Այս գործողությունների ընթացքում հակառակորդը օդային հետախուզության միջոցով բացահայտել է մեր գործողությունները, շրջապատել եւ գերեվարել 6 զինծառայողի»,- տեղեկացրեց Էդուարդ Ասրյանը: