Ծովագյուղում և Սեմյոնովկայում ընտրություններին ոչ ոք չի մասնակցել

Ծովագյուղում և Սեմյոնովկայում ընտրություններին ոչ ոք չի մասնակցել

Hetq.am-ը գրում է «Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերում այսօր բնակիչներից և ոչ մեկը չի մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին։

Այս մասին վկայում են ՏԻՄ ընտրությունների քվեարկության մասնակիցների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները։

Հասկանալու համար, թե ինչով է պայմանավորված ընտրողների այս միասնական որոշումը, կապվեցինք Ծովագյուղի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Գևորգյանի հետ։ Նա նշեց, որ ընտրություններին չմասնակցելու պատճառը համայնքների խոշորացումն է։

Նշենք, որ խոշորացման գործընթացի շրջանակում Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերը պետք է ընդգրկվեն Սևան խոշորացված համայնքի կազմում։

Վահրամ Գևորգյանը նշեց, որ այս ձևաչափով խոշորացում ծովագյուղցիները չեն ցանկանում և իրենց բողոքը արտահայտել են ընտրություններին չմասնակցելով։

«Խորհրդարանական լսումների ժամանակ ես հիմնավորված, փաստերով ներկայացրել եմ, թե ինչու է խոշորացումը սխալ։ Ծովագյուղ համայնքում միայն 2021 թվականին էնքան աշխատանք է կատարվել, որ Գեղարքունիքի մարզի ոչ մի քաղաքում կամ մեծ գյուղում չի արվել։ Եթե համեմատես բոլոր գյուղերում ու բոլոր քաղաքներում կատարված աշխատանքը, կտեսնես, որ Ծովագյուղը ամենաառաջինն է»,- նշեց Վահրամ Գևորգյանը։

Ծովագյուղի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ խոշորացումը կատարվում է նրա համար, որպեսզի համայնքը զարգանա, սակայն այս պահին, ըստ Գևորգյանի՝ Ծովագյուղը զարգանում է, իսկ մյուս համայնքները իրենց հավասար չեն զարգանում։ Վահրամ Գևորգյանը վստահ է, որ Սևանին միավորվելը խոչընդոտելու է Ծովագյուղի զարգացմանը»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում