Ծառուկյանը խոստանում է իշխանության գալու դեպքում մեկ տարում լուծել Գյումրիի տնակների հարցը

Ծառուկյանը խոստանում է իշխանության գալու դեպքում մեկ տարում լուծել Գյումրիի տնակների հարցը

Գագիկ Ծառուկյանը գյումրեցիներին դիմելով՝ ասաց, որ իր սերն ու հարգանքը Հայաստանի երկրորդ քաղաքի և բնակիչների հանդեպ միշտ յուրահատուկ է եղել։ Եվ հավելեց՝ այսօր Գյումրիում է ասելու, որ ԲՀԿ-ն ուզում է կառուցել անվտանգ հայրենիք և հզոր պետություն։

Քաղաքացիները տույժ ու տուգանքներ կուտակել են հիմնականում վերջին երկու տարվա ընթացքում՝ ասում է Ծառուկյանը։ Սկզբում համաճարակը, հետո պատերազմը նպաստեցին, որ երկրում տնտեսական վիճակը պայթյունավտանգ դառնա։ Վիճակը թվերով այսպես ներկայացրեց․

Մենք ունենք 650 հազար ընտանիք, բայց ունենք 2 մլն 187 վարկառու: Ամեն ընտանիքից երեք-չորս հոգի վարկի տակ է, բոլորը կուտակվել են երկու տարում՝ համաճարակ, պատերազմ… Գործ չկա, փող չկա, ինչպե՞ս փակեն վարկերը:

Հետո ասաց, որ անձամբ հաշվարկել է, թե որքան գումար է անհրաժեշտ տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար։ Այդ գումարը չպետք է թողնել բանկերի ուսին, այդ գումարը պետք է իշխանությունը տա։ Եթե իրենք գան իշխանության, գիտեն, թե որտեղից գտնել այդ գումարը:

Գործարանները պետք է բացվեն, մարդիկ պետք է կարողանան աշխատել, հայրենիքից հեռացածները պետք է վերադառնան։ Ծառուկյանն ասաց, որ երկրի այս վիճակի համար ինքը վաղուց կանխատեսում ուներ, պատերազմից չորս ամիս առաջ զգուշացրել էր ժողովրդին ու իշխանությանը, որ պետք է երիտասարդ իշխանությունը հեռանա, բայց լսող չկար։

Ծառուկյանն ասաց նաև, որ Գյումրիում աղետի հետևանքները դեռ չեն վերացվել, 2500 տնակ կա, եթե ինքն ստանա իշխանություն, մեկ տարում այդ տնակների հարցը կլուծի․ Աբովյանում երեք ամսում հազար բնակարան է կառուցել։

Տեսանյութը ստորև