Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են «07»-ն ու «ԶԻԼ»-ը, ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ 2 երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են «07»-ն ու «ԶԻԼ»-ը, ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ 2 երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր` օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու հրշեջ-փրկարարները։ Օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին, մինչ «Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

«Արտաշատ» բժշկական կենտրոնից վիրավորներից երկուսը, ովքեր երեխաներ են, տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ 2 մեծահասակներ տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներն ընտանիքի անդամներ են։ Նրանք են՝ 36-ամյա Արծրուն Օհանյանը, 32-ամյա Զվարթ Մինասյանը, 6-ամյա Հրանտ Օհանյանը և 8-ամյա Գևորգ Օհանյանը։