Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Սևանի թերակղզում բախվել են Toyota Camry-ն ու 07-ը. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Սևանի թերակղզում բախվել են Toyota Camry-ն ու 07-ը. կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը  21:20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 66.5-րդ կմ հատվածում՝ Սևանի թերակղզու խաչմերուկում, բախվել են Toyota Camry և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել Սևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին:

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ըստ նախնական տեղեկությունների՝ 07-ը Սևանի թերակղզուց դուրս գալուց է եղել, իսկ Toyota Camry-ն Դիլիջանից դեպի Երևան ընթանալիս բախվել է 07-ին, ապա ճանապարհի բաժանարար երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանցից մի քանի հենասյուներ և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում: