«Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է» ձևակերպումը տեղ չի գտել ԵԽԽՎ զեկույցի նախագծում. Արփինե Հովհաննիսյան

Ղարաբաղի հարցով Ադրբեջանի համար ցանկալի ձևակերպումը տեղ չի գտել ԵԽԽՎ հերթական զեկույցի նախագծում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Թերեւս, եթե չլիներ Ադրբեջանի նախագահի երեկվա ռազմահայրենասիրական ու պաթոսախեղդ հիստերիան, չէի անդրադառնա այս հարցին, քանի որ չեմ սիրում վաղօրոք փակագծեր բացել։

ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանին կտրամադրեմ առավել մանրամասն տեղեկատվություն, իսկ առայժմ փաստենք, որ հիստերիայի պատճառներից մեկն էլ այն էր, որ երկու օր առաջ հերթական անգամ Ադրբեջանի համար այնքան բաղձալի ձեւակերպումը առ այն, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է», տեղ չգտավ հերթակա զեկույցի նախագծում։

Պետք է նշել, իմ՝ որպես ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում սա վեցերորդ անգամն է, երբ բանաձեւերում տեղ չեն գտնում կամ դուրս են բերվում ադրբեջանական լոբինգի հետեւանքով այս կամ այն զեկույցում տեղ գտած անցանկալի ձեւակերպումները։

Նույն աշխատանքը կշարունակվի այսուհետ եւս: Ալիեւը կարիք ունի հասկանալու, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանին գովերգելը, իսկ հետո փնովելը իրեն չեն հանձնի Արցախը, ո՛չ էլ Հայաստանի ներքաղաքական հակասությունների վրա հույս դնելով, նա կարող է երբեւէ հասնել մեր պաշտպանության թուլացմանը։

Երբ հարցը վերաբերում է մեր գոյությանն ու ինքնությանը չկա ոչ մի հակասություն երկրի ներսում եւ փոխզիջում Ադրբեջանի համար։ Հիշե՛ք չեք հաջողելու: Ձեր խնդիրներով զբաղվեք։Դրանցից շատ ունեք>: