Լավ լուր Արայիկ Հարությունյանի կողմից․ Ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա

«Ուսուցիչ» ծրագրով հաջորդ տարի նախատեսում են մանկավարժների վերապատրաստում, որի արդյունքում ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Այսինքն մենք ստեղծել ենք մի համակարգ, երբ վերապատրաստման և որակի բարձրացման արդյունքում ուսուցչի աշխատավարձը բարձրանալու է»,-ասաց նա: Նշենք, որ Հարությունյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ` նշելով, որ եկել է գիրք կարդացողի, մտածողի ժամանակաշրջանը:

Ժամանակակից աշխարհում գիտելիքի և կրթության կարևոր բաղադրիչը ազատ և քննադատական մտածողությունն է, վերլուծական միտքը, որի հիմքերը դրվում են դպրոցում և շարունակվում հետագայում՝ հանրային կյանքի բոլոր ոլորտներում:

Կրթությունը իրավագիտակից, պահանջատեր ու մրցունակ քաղաքացի ձևավորելու կարևոր գործընթաց է, որի ապահովման երաշխավորը պետությունն է, ուսուցիչն ու դասախոսը: Կրթությանը վիճակված է լինել նոր Հայաստանի տեսլականի առաջատարը, ներառական զարգացման շարժիչ ուժը:

«Սիրելի մանկավարժներ, Հայաստանում տեղի ունեցած մեծ փոփոխությունները պետք է իրենց արտացոլումը գտնեն նաև կրթության համակարգում, որը մեծապես պայմանավորված է ձեր ստեղծագործ և նվիրական աշխատանքով: Բոլոր այն մանկավարժները, տնօրենները, ովքեր աջակցում են դպրոցի վերափոխման գործընթացին, իմ գործընկերներն են, ու կանեմ առավելագույնը՝ նրանց աջակցելու համար: Խորապես ծանոթ եմ այն դժվարություններին, որոնց բախվել եք նախկինում, այն խնդիրներին, որոնք առկա են հիմա: Համատեղ աշխատանքով, վստահ եմ, լուծումներ տալու ենք բոլոր առկա հարցերին՝ մեր բոլորի առջև դնելով ավելի մեծ նպատակներ»,- նշել է նախարարը:

Հարություննյանն ընդգծել է, որ արդար երկիր ունենալու համար, առաջին հերթին, արդար պետք է լինի դպրոցը՝ ապահովելով որակյալ կրթության հավասար հասանելիությունը բոլորի համար:

Աղբյուր՝ armeniasputnik.am