«Իր հրաժարականից հետո կընտրեն այլ մարդու․ դա անգամ տեսականորեն եմ բացառում Փաշինյանի մտահոգությունները տեղին չեն»․ Նորայր Նորիկյան

«Կառավարությունն առաջին հարյուր օրվա ընթացքում ինչ իրականացնում էր, ճիշտ էր, պետք էր նույն ձևով շարունակել։ Ես չգիտեմ, թե ովքեր են այդ խորհուրդը տվել վարչապետին՝ նման տոնայնությամբ հանդես գալու, և անգամ, եթե այս պահին դատական անկախության այս կամ այն գործունեությունը հակասում է քո քաղաքական շահերին, պետք է կյանքի գնով պահպանել դատական իշխանության անկախությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը։

«Ինքս գտնում եմ, որ Ազարյանը մեր դատական համակարգի ամենաբացառիկ, լավագույն դատավորներից մեկն է, շատ կուզենայի, որ նրա նման դատավորներ լինեն մեր դատական համակարգում, բայց միաժամանակ ընդգծում եմ, որ ընդհանրապես համաձայն չեմ Ազարյանի կողմից կայացված դատական ակտի հետ։ Դա առնվազն վիճահարույց էր անգամ ինքնաբացարկի առումով։ Հարգելի պարոն Ազարյան ջան, դու ինքդ գիտեիր, որ շահարկվելու է կամ քննության առարկա է դառնալու այն հանգամանքը, որ դու, լինելով օբյեկտիվ կամ անաչառ դատավոր, Մարտի 1-ի գործերով հրապարակել ես մի քանի դատական ակտեր։ Ես չեմ վիճարկում այդ դատական ակտերի օբյեկտիվությունը։ Ավելին, կա խոսակցություն, որ դուք Ռոբերտ Քոչարյանի նախագահության ապարատում եք։ Իսկ  Դատական օրենսգիրքը, սահմանադրական օրենքը, այդ թվում՝ Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում են ինքնաբացարկի հիմքեր, որոնցից ամենաառանցքայինն այն է, որ եթե երրորդ անձի մոտ կարող է թեկուզ աննշան ձեր անաչառության վերաբերյալ խնդիր առաջանալ, դու պարտավոր ես ինքնաբացարկ հայտնել։ Բա Դատախազություն, դու ո՞ւր էիր, Քոչարյանի պաշտպանական թիմը ցանկություն չուներ հայտնելու, բա Գլխավոր դատախազություն դու ո՞ւր էիր»։

Դատավորների վերաբերյալ Փաշինյանի ելույթում փաստաբանը սաբոտաժի տարրեր է նկատել. «Ինչ-որ մարդիկ վարչապետին փորձում են շեղել այդ ուղղությամբ։ Հիմա դիմելով վարչապետին՝ հորդորում եմ շարունակել 100 օրվա տեմպերով, ի՞նչ խնդիր կա՝ այս տոնայնությամբ հանդես գալու, երբ ամեն ինչ իր հունով գնում է առաջ»։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը, երբ նախաձեռնում է սահմանադրական փոփոխություններ, դա նույնը չէ՞, որ Սերժ Սարգսյանն էր Սահմանադրություն «կարել», հիմա 100 օր հետո Փաշինյանն է դա անում, վտանգներ չկա՞ն․

«Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անելու համար, ինչը ենթադրում է Փաշինյանի կառավարության մեծամասնության հաստատում ԱԺ-ում, չի կարելի Սահմանադրություն փոխել։ Այո, ես պնդում եմ, որ այդ Սահմանադրությունը պետք է փոփոխվի, բայց արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ Հետևաբար, այս առումով կարող է դա դիտարկվել՝ որպես Փաշինյանի հագով Սահմանադրություն «կարել»։ Ես այսօր ուղղակի դիմում եմ իրեն, որ չգնա այդ քայլին։ Փաշինյանը պարզ ասաց՝ իր մտահոգությունն այն է, որ իր հրաժարականից հետո կընտրեն այլ մարդու, բայց ես դա անգամ տեսականորեն եմ բացառում։ Փաշինյանի մտահոգություններն այդ առումով տեղին չեն»