Իջևանում 6-ամյա աղջկան վրաերթի ենթարկելով՝ փախուստի է դիմել

Հուլիսի 16-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկել է Տավուշի Հովք գյուղի բնակիչ, 1993թ. ծնված Արման Ծուղունյանի դատավարությունը:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2018թ. մարտի 28-ին, ժամը 17.10-ի սահմաններում իրեն պատկանող «ՎԱԶ 21074» մակնիշի ավտոմեքենայով Իջևան քաղաքի Անկախության փողոցով ընթանալիս, թույլ տալով «ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2007թ. հունիսի 28-ի թիվ 955 որոշման 18-րդ կետի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների հակասող գործողություններ, իր ընթացքի ուղղության համար լուսացույցի արգելող՝ կարմիր ազդանշանը միացված լինելու պայմաններում, մուտք է գործել խաչմերուկ, որի ընթացքում վրաերթի է ենթարկել Իջևան քաղաքի անչափահաս բնակիչ, 6-ամյա Յանա Բեջանյանին՝ նրա առողջությանն անզգուշությամբ պատճառելով կյանքին վտանգ ներկայացնող ծանր վնաս: Դրանից հետո Ա. Ծուղունյանը թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը:

Ա. Ծուղունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով և 244 հոդվածով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Աղբյուր՝ aravot.am

Կիսվիր ընկերներիդ հետ