Իշխանությունը ասում է՝ դու աղքատի հոգեբանություն ունես և աղքատ էլ կմնաս, ինձնից օգնություն մի սպասի, գնա գլուխդ փոխի. Հրանուշ Խառատյան

«ՀՀ վարչապետի՝ երկու օր առաջ արտահայտած միտքը՝ թե «Աղքատությունը ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև հոգեբանական, մտածողության խնդիր է: Մարդու աղքատությունը գլխում է: Ով գլխում աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա՝ նա չի հաղթահարի…» արմատական սխալ ունի:

Իրականում վարչապետի արտահայտած միտքը երկու մաս ունի՝ «Աղքատությունը ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև հոգեբանական, մտածողության խնդիր է: Մարդու աղքատությունը գլխում է» և «Ով գլխում աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա՝ նա չի հաղթահարի…»:

Այստեղ լուրջ խնդիր կա, առնվազն՝ երկու խնդիր: Առաջին՝ եթե աղքատությունը, ըստ վարչապետի, երկու բաղկացուցիչ ունի՝ ընդհանուր սոցիալ- տնտեսական, և անհատական հոգեբանական, մտածողության, որոնցից մեկն անհաղթահարելի է՝ «ինչ ուզում ես արա», ապա անիմաստ է աղքատության հաղթահարման ուղղությամբ աշխատել, քանի որ բաղկացուցիչներից մեկի մնալու դեպքում մյոսը չի աշխատելու: 
Երկրորդ այն է, որ ըստ վարչապետի մարդու մտածողության և հոգեբանության երևույթը կապ չունի իր ապրած հասարակության հետ, այն «մարդու գլխում է և հենց ինքը պետք է հաղթահարի իր մտածողությունը՝ իր գլուխը»:

Տարօրինակ է, որ հեղափոխությամբ իշխանություն փոխած առաջնորդը ընդունում է երկու բան, ա/ մարդու գլխում աղքատությունը հաղթհարելը թողնվում է մարդուն, առանց առաջարկելու մարդու գլխում այն հաղթահարելու օգնություն, բ/ առանց այդ օգնությունն առաջարկելու դատավճիռ է կայացվում՝ մինչև մարդն ինքն իր գլխում եղածը չհաղթահարի՝ «ինչ ուզում ես արա՝ աղքատությունը չի հաղթահարվի…»: «Աղքատությունը ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև հոգեբանական, մտածողության խնդիր է:

Մարդու աղքատությունը գլխում է: Ով գլխում աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա՝ նա չի հաղթահարի…» 
Աշխարհի ամբողջ փիլիսոփայական միտքն ուղղված է նրան, թե ինչ և ինչպես անել, որ հաղթահարվի «մարդու մտածողությունը՝ մարդու գլուխը», իսկ ահա հեղափոխություն արած իշխանության ղեկավարը արդեն հստակ գիտի, որ դա մարդու անհատական, ինքնուրույն գործն է, եթե նա ինքն ինքնուրույն չի կարող հաղթահարել՝ «ինչ ուզում ես արա՝ նա չի հաղթահարի…»:

Սրանով իշխանությունը «ձեռքերը լվանում է»: Իշխանությունն ասում է՝ այո, մարդ, դու գուցե ապրում ես մի երկրում, որտեղ քո ունեցվածքը, քո ապրուստի միջոցը՝ քո հողը, քո քառակուսի մետրերը, քո ֆինանսական միջոցները, քո սոցիալական քաջությունը, քո առողջությունը լիսկաները խլել են քո ձեռքից՝ ջրազրկել են, անապատացրել են, բռնություն գործադրելով հարկադրել են զիջել, քո անտառները կտրել են, դու զրկվել ես քո երեխային կրթություն, մասնագիտություն, ապագա ստեղծելու հնարավորությունից, այո, նրանք քո հաշվին կրթել են իրենց երեխաներին, այո, նրանց երեխաներն այսօր աղքատի հոգեբանություն և մտածողություն չունեն, նրանք առողջ են և ամուր, նրանք ունեն տիրոջ հոգեբանություն և տիրրոջ իրավունք, այո, դու օրինապահ էիր, նրանք օրինախախտ, այո, քո երխաներն անկիրթ են և անապագա, նրանք գուցե բարոյական և ֆիզիկական հաշմանդամներ են, բայց եթե դու այդ ամենը ինքնուրույն և անհատապես հաղթահարլու միջոցը չես գտել և չես գտնում՝ դու քո գլուխը հարմարեցրել ես աղքատության անխուսափելիությանը, և ուրեմն ինչ ուզում ես արա՝ դու աղքատի հոգեբանություն ունես և աղքատ էլ կմնաս:

Ինձնից օգնություն մի սպասի, գնա գլուխդ փոխի: Ես քո գլուխը փոխելու ժամանակ չունեմ, և հետո՝ դա արդեն անհնար է, դա արդեն քո հոգեբանությունն է՝ «ինչ ուզում ես արա»: Աշխարհը սխալվում է, եթե ուժ, ժամանակ, միտք և քաղաքական ու նյութական ռեսուրսներ է ծախսում մարդու հոգեբանությունն ու մտածողությունը փոխելու, դա անհույս և անիմաստ զբաղմունք է: Պարապ վախտի խաղալիք: 

Լավ կլիներ, որ պարոն վարչապետն ասեր՝ «Մեր երկրում աղքատությունը և աղքատության հոգեբանությունը ձևավորվել է աղքատության նկատմամբ քաղաքական անտարբերության և երկրի մարդկային ու նյութական ռեսուրսների անբարեխիճ, անօրինական, անարդար, անհեռապես, եսասիրական շահագործման պայմաններում:

Արդյունքում Հայաստանում աղքատացածների և աղքատների մեջ ամրացել է աղքատի սոցիալական խնամառուի հոգեբանություն ու մտածողոթյուն: Աղքատության հաղթահարման խնդրում մեր թիրախը լինելու է աղքատի հոգեբանությունից մարդուն ազատելը: Մարդը պիտի տեսնի և հասկանա, որ աշխատելու, արարելու, ինքն իրեն աղքատությունից դուրս բերելու ջանքերը միշտ պիտի պաշտպանվեն իշխանությունների կողմից:

Աղքատը պետք է վստահություն ձեռք բերի ինքնուրույն աշխատած վաստակի իրավունքի նկատմամբ: Հայաստանում պիտի արմատավորվի աղքատ լինելու ամոթի մշակույթը: Մեր պատվի խնդիրն է հասնել մի հասարակության, որում սոցիալական խնամառու կարող են լինել միայն ֆիզիկապես անկարողները:

Մեր ստեղծած հասարակությունում, մեր ստեղծած իշխանությունում ամեն ինչ պիտի արվի մարդու վաստակ ապահովող աշխատանքը խրախուսելու համար, և այդ ժամանակ մենք կկարողանանք ասել՝ ամոթ է աղքատ լինել, աղքատ լինելը ընտրություն է»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է Հրանուշ Խառատյանը: