Ինչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ քնելուց առաջ հեռախոսով եք զբաղվում

Ինչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ քնելուց առաջ հեռախոսով եք զբաղվում:

Անհանգիստ քուն, ցրվածություն, մոռացկոտություն… Ծանո՞թ երևույթներ են։ Եթե այո, ապա, ամենայն հավանականությամբ, մինչև քնելը զբաղվում եք հեռախոսով։Առաջին հայացքից անվնաս այս սովորությունն օրգանիզմի համար վնասակար հետևանքներ կարող է ունենալ։

Հեռախոսի օգտագործման հետևանքով նշանակալիորեն վատանում է քնի որակը։ Որոշել եք ստուգե՞լ էլեկտրոնային փոստը կամ սոցիալական ցանցի հաշիվը պառկելուց հետո։ Ուղեղը ստանում է հրահանգ՝ չքնել։ Էկրանի լուսարձակումը ճնշում է մելատոնինի արտադրությունը՝ հորմոն, որը պատասխանատու է քնի համար։

Ինչպե՞ս է ազդում քնի պակասն օրգանիզմի վրա

Օրգանիզմին 7-9 ժամվա հանգիստ է հարկավոր։ Եթե պարբերաբար քիչ եք քնում, տեղի է ունենում նեյրոնների վնասում։ Արդյունքում՝ վատանում է հիշողությունը, փոքրանում կենտրոնանալու և որոշումներ կայացնելու կարողությունը, թուլանում է իմունիտետը, օրգանիզմը սկսում է ծերանալ։

Բավարար չափով չքնելը հանգեցնում է նաև նրան, որ դանդաղում է նյութափոխանակությունը, մեծանում ախորժակը։ Օրգանիզմն աստիճանաբար քաշ է հավաքում։ Հեռախոսը մի օգտագործեք քնելուց նվազագույնը մեկ ժամ առաջ։ Թող գիշերը հանգիստ անցնի։